Անխուսափելի պարտության առաջնորդող հաղթանակ․ ում է 4-րդ անգամ հաղթում Պուտինը

Անխուսափելի պարտության առաջնորդող հաղթանակ․ ում է 4-րդ անգամ հաղթում Պուտինը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում այսօրվա ընտրությունները էտալոնային է համարել: Այս կարծիքը օրինաչափ է, որովհետև Պուտինի թիմը ապահովեց այն նշաձողը, որը սահմանել էր Ռուսաստանի նախագահը. ընտրություններին մասնակցությունը աննախադեպ բարձր էր` մոտ 70%, Պուտինը ստացել է 70%-ից ավելի ձայներ` երկու հեղինակավոր էքզիտ-փոլերի և քվեների 20%-ի պաշտոնական հաշվարկի արդյունքներով: Պուտինը համոզիչ հաղթանակ է տանում` ստանալով մոտ 47-48 միլիոն ձայն` 2-3 միլիոն քվեով գերազանցելով 2012թ-ի իր ցուցանիշները: 2012-ի հետ համեմատությունը պատահական չէ, որովհետև նախագահական վերջին ընտրություններին հետևել են Ղրիմի 2014-ի անեքսիան, Պուտինի սանձազերծած ռազմական ակտիվ գործողությունները Սիրիայում և Ուկրաինայի արևելքում: Պուտինն, ընտրությունների արդյունքներով, աշխարհին ցույց տվեց, որ ռուսաստանցիների շրջանում անցած հինգ տարիներին ավելացել է իր համակիրների թիվը, կարճ ասած` այսօր Պուտինը լեգիտիմացրեց գլոբալ հավակնություններ ունեցող Ռուսաստանի հայտը: Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ քարոզարշավը կառուցված էր հենց այս թեզ վրա, որ Ռուսաստանն ոչ թե ռեգիոնալ, այլ` գլոբալ գերտերություն է: Դրան էր ուղղված Պուտինի «միլիտարիստական» քարոզարշավը` մարտի 1-ի սկանդալային և Էպատաժային ելույթով: Ռուսաստանի նախագահական այսօրվա ընտրությունները նոր ազդակ է տալու Ռուսաստան-Արևմուտք հակադրությանը, մանավանդ, որ Սառը պատերազմի օրակարգը հարստացել է Ռուսաստանի ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ զարգացող միջազգային սկանդալով: Սառը պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխորոշված է, որովհետև տեխնոլոգիապես հետամնաց Ռուսաստանը հազիվ թե կարողանա դիմանալ տոտալ հակադրության ռեժիմին: Մյուս կողմից` հեղինակավոր փորձագետների կարծիքով, Պուտինն անցել է ռուբիկոնը և այլևս նահանջելու կամ իշխանությունը մեկ ուրիշին խաղաղ փոխանցելու հնարավորություն չունի, իսկ սա նշանակում է, որ գոնե կարճ ժամանակահատվածում` առաջիկա մի քանի տարիներին, մենք ականատեսն ենք լինելու Ռուսաստանի դիկտատորի անկանխատեսելի, գլոբալ անվտանգության դեմ ուղղված քայլերին: Ֆրանսիայի Սորբոնի հեղինակավոր համալսարանի հայտնի պրոֆեսոր Ֆրանսուա Թոմը` վերլուծելով Վլադիմիր Պուտինի կերպարը, գրել է, թե նա քրեական մտածողության և չեկիստական միջավայրի հիբրիդ է: Հետաքրքիր է նաև Թոմի կարծիքը ռուսական կայսրության մասին. նա ասում է` այսօրվա Ռուսաստանը ոչ թե ժամանակակից դասական պետություն է, այլ` քվազի պետական կառուցվածք, որը արդիականացման ռեսուրս չունի: Թոմը կանխատեսում է Պուտինի ռեժիմի կործանում` Ռուսաստանի ընդդիմությանը խորհուրդ տալով կենտրոնանալ պուտինիզմի հաղթահարման ծրագիր մշակելու վրա: Ըստ ամենայնի` Պուտինի այսօրվա, այսպես կոչված, էտալոնային հաղթանակն ընդամենը կարող է արագացնել գործընթացները` հանգեցնելով կայսերական տրամադրությունների կուլմինացիային, Արևմուտքի հետ հարաբերությունների սրմանը և, ի վերջո, ռուսական կայսրության կրախին: Պուտինի այսօրվա համոզիչ հաղթանակի ստվերում երևում է նրա կայսրության մոտալուտ ճգնաժամի անխուսափելի հեռանկարը: