1992-1998 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում «պրինցիպիալ» կինը 5-ամյա որդու աչքի առաջ սպանել է ամուսնու  «սիրուհուն», ապա հրկիզել է տունը

1992-1998 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում «պրինցիպիալ» կինը 5-ամյա որդու աչքի առաջ սպանել է ամուսնու «սիրուհուն», ապա հրկիզել է տունը

Բնակարանից ելնող ծխի քուլաները հարևաններն էին նկատել: Երբ այրվող բնակարան էին մտել, կրակի բոցերի միջից տեսել էին տանտիրուհու անշարժ մարմինը, որ սևին էր տալիս ննջարանի հատակին... 1992 թվականի հուլիսի 19-ն էր: Միայնակ ապրող Լյուդային այսպես՝ բոցերի մեջ հայտնաբերեցին տանջահար արված ու կիսաայրված: Տեղափոխեցին հիվանդանոց: 1 օր անց Լյուդան առանց գիտակցության գալու, առանց մի բառ ասելու՝ մահացավ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հայտնի դարձավ, որ Լյուդան հրդեհի զոհ չէ, նրա նկատմամբ բռնություն էր գործադրվել, նրան տանջել էին, կատարվել էր... սպանություն: Կասկածյալների թվում հայտնվեց նաև Լյուբա անունով մի կին: Դեպքից առաջ նա հետաքրքրվել էր Լյուդայի տան հասցեով, հեռախոսահամարով, զանգահարել էր նրան, հանդիպել էր: Իսկ դեպքից հետո Լյուբան հնգամյա որդու հետ անհետացել էր... Լյուբայի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Տարիներ անցան... Զոհը՝ Լյուդան, ու հետախուզվողը՝ Լյուբան, պատահաբար էին ծանոթացել՝ հիվանդասենյակում: Լյուդան երգչուհի էր, իրեն էքստրասենս էր համարում, ապրում էր միայնակ: Օրերից մի օր նա վրաերթի ենթարկվեց ու ոտքի կոտրվածք ստացավ: Պառկեց ստացիոնար բուժման: Նույն հիվանդասենյակում կոտրված ոտքով մի կին էլ կար՝ Լյուբայի մայրն էր: Լյուդան ու Լյուբան հիվանդասենյակային մտերմություն հաստատեցին: Հիվանդասենյակը կարծես ընտանեկան ջերմությամբ լցվեց: Այդպես՝ 3 ամիս անցավ: Հետո դուրս գրվեցին, յուրաքանչյուրը իր կյանքին վերադարձավ: Պիտի որ միմյանց մոռանային... Լյուդայի ոտքը չէր ապաքինվում: Նա տանից համարյա դուրս չէր գալիս, տանը երկու ձեռնափայտով էր տեղաշարժվում՝ մեծ դժվարությամբ... Մենակ էր ապրում՝ ընտանիք, ամուսին, երեխա, սիրեկան չուներ... Լյուբան, որ ամուսին ուներ, երեխա, ընտանեկան բազում հոգսեր, մոր հետ նույն հիվանդասենյակում պառկած Լյուդային կարող էր և բոլորովին մոռանալ: Բայց Լյուբան հիվանդագին խանդոտ էր: Նա անընդհատ ստուգում էր ամուսնուն, հարցուփորձ էր անում երեխային՝ ո՞ւր է գնացել հայրիկի հետ, հայրիկը օտար մորաքույրի հետ չի՞ եղել, արդյոք... Մի օր էլ երեխայի թոթովախոս պատմությունից Լյուբան եզրակացրեց, որ ամուսինը որդու հետ այցելել է... Լյուդային՝ երեխայի նկարագրությունը Լյուդային հիշեցրեց չգիտես ինչու... Լյուբայի ամուսինը՝ Հովիկը, բեռնատարի վարորդ էր: Դեպքից հետո, երբ Լյուբան արդեն հետախուզվողի կարգավիճակ ուներ, Հովիկը ահա թե ինչ հայտնեց քննիչին. «Ես, ճիշտն ասած՝ կանանց սիրող մարդ եմ, շատերին եմ հանդիպել, շատերի հետ եմ դավաճանել կնոջս, բայց էդ Լյուդայի տան տեղն անգամ չեմ իմացել: Հիշում եմ՝ զոքանչս հիվանդանոցում էր, նույն հիվանդասենյակում կաստիլով մի կին կար: Էդքան բան: Ինչ վերաբերում է իմ կին Լյուբային, նա տարօրինակություններ ուներ: Մինչև ամուսնանալը չէի նկատել: Բայց մեր ամուսնական կյանքը շուտով դժոխքի վերածեց՝ ում հետ խոսում էի՝ խանդում էր: Բանը հասել էր նրան, որ վախենում էի, թե մի գիշեր ինձ կխեղդի կամ կթույնի: Նրա հետ համատեղ կյանքը դարձել էր անտանելի՝ հարձակվում էր, գոռգոռում, տան եղած-չեղածը գլխիս էր տալիս: Հանուն տղայիս՝ Լյուբայի հետ գլուխ չէի դնում: Բայց նա ավելի էր կատաղում: Ես միշտ վախենում էի, որ խանդի հողի վրա մարդ կսպանի: Դաժե մորս էր խանդում...»: Հետախուզվող Լյուբան Հայաստանից բացակայեց 5 տարի: Որդու՝ արդեն 10 տարեկան տղայի հետ Լյուբան Հայաստան վերադարձավ 1997 թվականի հոկտեմբերին: Մտածում էր՝ արդեն մոռացած կլինեն, իրեն չեն փնտրի: Բայց Հայաստան ժամանելուն պես նա բռնվեց: Պետք է ասել, որ հանկարծակիի չեկավ: Համարյա անմիջապես խոստովանեց կատարածը: Մանրամասներ պատմեց: Երեխան ևս հարցաքննվեց, որովհետև ծանր հանցագործությունը մայրը կատարել էր... հինգ տարեկան որդու աչքերի առաջ: Մորն ու որդուն արդեն ոչ միայն պորտալարն էր կապում, այլև կատարված ոճրագործությունը՝ սպանության, սարսափի, կրակի հիշողությունը... Լյուբա Մ.-ն հայտարարեց. «Խանդի հողի վրա եմ սպանել, ես շահադիտական նպատակներ չեմ ունեցել... Երբ երեխայի պատմածից ենթադրեցի, որ ամուսինս նրան ինչ-որ կնոջ տուն է տարել, անմիջապես կասկածեցի Լյուդային: Որոշեցի ապացույցներ ձեռք բերել: Ես հարյուր տոկոսով համոզված էի, որ ամուսինս Լյուդայի տուն է գնացել, նրա հետ է կապված: Մնում էր, որ Հովիկին ու Լյուդային ապացուցեի՝ դա իմ պրինցիպիալ լինելուց է...»: Նշենք, որ այս գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում ոչ մի ապացույց ձեռք չբերվեց, որ սպանված Լյուդան կողմնակի տղամարդու էր ընդունել կամ որևէ մեկի հետ սիրային կապի մեջ էր եղել... Սակայն խանդից կուրացած Լյուբան իր սեփական «քննությունն» անցկացրեց: Զանգեց, պայմանավորվեց Լյուդայի հետ, որ կայցելի: Լյուդայի տուն մտնելուն պես աջուձախ նայեց, մանկական ինչ-որ ներքնաշոր գտավ ու «համոզվեց», որ դա իր երեխայի ներքնաշորն է: Ուրեմն, Լյուբայի տրամաբանությամբ, ամուսինը հենց Լյուդայի տանն էր եղել, Լյուդայի հետ էր իրեն դավաճանել... Լյուբան Լյուդային այցելեց ո՛չ մենակ, հինգ տարեկան որդուն էլ հետը տարավ: Ու երեխայի ներկայությունից բոլորովին չնեղվելով՝ սկսեց Լյուդայից պարզաբանում պահանջել: Լյուդան կտրականապես ժխտում էր ամեն բան, բայց Լյուբան դրանից ավելի էր կատաղում: Ինքնատիրապետումը կորցնելով՝ նա հաշմանդամ կնոջից խլեց երկաթե ձեռնափայտն ու սկսեց դրանով հարվածներ հասցնել՝ այդպես ցանկանալով հասնել ամուսնու «սիրուհու» խոստովանությանը: «Ես քո ամուսնու հետ կապ չեմ ունեցել»,- սարսափից ու ցավից ճչում էր Լյուդան: Նրա դեմքը ողողվել էր վնասված գլխից հոսող արյունով: Ահաբեկված երեխան նույնպես ճչում էր... Հետագայում Լյուբան իր ցուցմունքում ասել է. «Չգիտեի՝ երեխայի վրա՞ ուշադրություն դարձնեի, թե՞ Լյուդայի... Նրան դուրս քաշեցի ճաշասենյակից ու տարա ննջարան...»: Իր զոհին երեխայի աչքի առաջ գետնաքարշ տարավ ննջարան՝ իբր՝ երեխայի աչքից հեռու տեղ: Հաշվի չառավ, որ երեխայի ականջներն էին լցվում նաև սպանության զարհուրելի ձայները՝ զոհի ճիչերը, սպանողի գոռոցները... Որպեսզի հաշմանդամ կինը չդիմադրի ու չխանգարի՝ Լյուբան կապեց նրա ձեռքերն ու ոտքերը: «Ձեռքերը կապելը չեմ հիշում: Լյուդայի ձեռքերն արյունոտ էին՝ վերքերին էր ձեռք տվել: Իսկ ես աշխատում էի նրա արյանը ձեռք չտալ...»: Կատաղած Լյուբան ոտքերով էլ խփեց իր զոհին՝ ջարդեց կրծոսկրը՝ ըստ դատաբժշկական եզրակացության: Բացի դրանից՝ սուր կտրող-ծակող գործիքով վնասեց զոհի դեմքը, մատներով սեղմեց կոկորդը՝ կիսախեղդ արեց, այդ ընթացքում կոտրելով զոհի ենթալեզվային ոսկորը... «Երբ որ ափերից դուրս եմ գալիս, ինձ հաշիվ չեմ տալիս...»,- ասել է Լյուբան իր ցուցմունքում: Կիսամեռ կնոջ վրա, նրա շուրջն ու վարագույրներին Լյուբան նավթ լցրեց ու լուցկին մոտեցրեց. «Լյուդան ինչ-որ բան էր ուզում ասել, ես չէի հասկանում... Ես հերթականությունը լավ չեմ հիշում՝ որից հետո ինչ եմ արել... Ընդունում եմ փորձագետի եզրակացությունը: Ընդունում եմ, որ ինչ կատարվել՝ իմ ձեռքով է կատարվել... Երբ մտա այդ տունը, այդ կինը կենդանի էր, իսկ դուրս եկա կրակների միջից... Երեխայի հետ ոտքով իջանք, ոչ թե վերելակով... Այլայլված էի...»: Սպանության պահին իր խոսքերով՝ ինքնատիրապետումը կորցրած լինելով՝ Լյուբան տուն՝ Խարբերդ գնաց՝ լիովին իրեն հաշիվ տալով: Արագ հավաքեց իր ու որդու հագուստները, անհրաժեշտ իրերը: Հետո... Հետո նա վարսավիրանոց գնաց, կտրեց ու ներկեց մազերը. «Մտածում էի՝ հիմա ամբողջ հանրապետությունը ոտքի կկանգնի: Ինձ կբռնեն, երեխայիս կկորցնեմ...»: Հետո երեխայի հետ Լյուբան գնացք նստեց: Մեկնեց Թբիլիսի ու այնտեղ էլ մնաց մինչև 1997 թվականի հոկտեմբեր ամիսը: Երեխայի ցուցմունքից՝ «Մաման պեչենի-բան էր ծախում, որ ինձ ուտացներ»... Լյուբան վերջին խոսքում նորից շեշտեց, որ սպանելու մտադրություն չի ունեցել. «Ո՞վ կգնար սպանության երեխայի հետ: Ես սպանության չէի գնում: Այդպես ստացվեց: Այդ տանից ես ոչինչ չեմ վերցրել: Բռնել եմ տղայիս ձեռքից ու դուրս եմ եկել կրակի միջից... Չեմ կարող ասել՝ ինչպես եղավ: Որ իմանայի էդպես կլինի՝ ոչ թե երեխայի հետ, ես ինքս էլ չէի գնա... Հաշվի առեք, որ կին եմ, երեխա ունեմ, պահի տակ չեմ տիրապետել ինձ...»: Լյուբա Մ.-ի շահերի պաշտպանը իր պաշտպանյալի խանդը «անհաղթահարելի հիվանդություն» անվանեց: Լյուբան ինքն իրեն բնութագրեց. «Կոպիտ եմ, սկզբունքային»... ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան Լյուբա Մ.-ին մեղավոր ճանաչեց դիտավորյալ սպանության համար ու դատապարտեց 12 տարի ազատազրկման: Պատիժը կրելու ընթացքում նա պետք է գտնվեր նյարդահոգեբույժի հսկողության տակ: Վերջին խոսքում Լյուբան նաև ասաց. «Ի՞նչը մղեց ինձ այդ քայլին՝ խա՞նդը, վիրավորա՞նքը, զայրո՞ւյթը՝ ես կասեի՝ բոլորը միասին՝ դրանց կոմպլեկտը... Բայց էս բոլոր զրկանքնե՞րը... չգիտեմ... անտեղի էր... Ամուսնո՞ւս սպանեի: Եթե ձեռքիս տակ ընկներ էն պահին, կսպանեի... Ես իրոք ինձ հաշիվ չէի տալիս... Էրեխես... Նրա գոռոցն էլ ինձ չսթափեցրեց... Իմ պրինցիպիալ լինելուց է...»: