Հասարակության իրավունքը ամորձատված է. կգա օրը, երբ իշխանությունը դռնեդուռ կընկնի ընդդիմություն գտնելու համար

«Ցավոք սրտի, այն պրոցեսը, որին երկար ժամանակ գնում էին իշխանությունը և օլիգոպոլիան, հասավ իր հաջողությանը։ Նրանք կարողացան հասարակությունը տարանջատել, օտարել իրենցից, իրենք իրենց բուրգի գագաթից ներքև ո՛չ տեղյակ են, ո՛չ էլ ուզում են իմանալ՝ ինչ է կատարվում։ Այ, այսպիսի իրավիճակից հետո խոսել հեռանկարի մասին՝ առնվազն միամտություն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը։ Նրա խոսքով՝ երբ անկախության ճանապարհի սկզբում մտածում էինք՝ ինչ է լինելու, մենք ամեն ինչ կարող էինք մտածել, բացի նման իրավիճակից։ «Թուղթուգիր անեմ. կգա այն օրը, երբ այս իշխանությունը դռնեդուռ կընկնի ընդդիմություն գտնելու համար՝ հանուն իր սեփական փրկության, և չի գտնի, որովհետև այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կարողացել են հեռու մնալ, գործարքի մեջ չմտնել, կգա այդ օրը, երբ իրենք նույնիսկ ամոթ կհամարեն ընդդիմություն լինել այս իշխանությանը»,- ասաց Կարինե Խոդիկյանը։ Դրամատուրգը նկատեց, որ դժվար է լինել ընդդիմություն, որովհետև ցանկացած անհատ, ով բռնել է ընդդիմության ճանապարհը, ի վերջո ունի աքիլլեսյան գարշապար, իշխանությունը կարողացավ մեկին լռեցնել, մեկին գնել, մեկի հետ գործարքի գնալ, մեկը ճամպրուկն առավ գնաց, և ունենք այն, ինչ ունենք։ Եվ այն ընդդիմությունը, որ իր հետևից կտանի այնպիսի զանգված, որ կունենա իր ընտրազանգվածը, այսօր չկա, բայց հասարակության մեջ ամեն մեկը ընդդիմադիր է։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։