«Տաքսիստները պարսիկներից 1կմ-ի համար 5000 դրամ են վերցնում. սաղ գնում են Վրաստան»․ իրանցի գործարարներ

«Անցյալ տարի 6000-7000 իրանցի էր եկել Հայաստան, բայց այս տարի ամենաշատը երևի 5000 հոգի կգա` ոչ ավել, որովհետև դոլարը Իրանում շատ թանկացել է, այստեղ գալու տոմսը թանկ է, իսկ ովքեր էլ մեքենայով են գալիս ` դժգոհում են, որ Հայաստան-Իրան ավտոճանապարհն է սարսափելի վատ, ոչ մեկ ռիսկ չի անում էդ ճանապարհով գա։ Պարսիկները հայերին շատ են սիրում, հայերը շատ լավ մարդիկ են, բայց եթե ուզում ենք, որ պարսիկ զբոսաշրջիկների հոսքը մեծանա, ապա պետք է ինքնաթիռի տոմսի գինը էժանանացնեն, ճանապարհները սարքեն», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տուր գործակալ Ալիրեզա Ֆալահաթփիշեն` խոսելով այս տարի մարտի 21-ին Նովրուզի տոնի հետ կապված Հայաստան ժամանել պատրաստվող իրանցի զբոսաշրջիկների մասին։ Պարսկական «King» հյուրանոցի տնօրեն Սամաթ Ռեզային իր հերթին հավելեց. «Ես 27 տարի է արդեն, որ Հայաստանում եմ ապրում և 17 տարի է, որ տուրիստական գործակալություն ունեմ։ Անցյալ տարի 7000 պարսիկ էր եկել,, բայց այս տարի նախատեսում ենք, որ շատ ավելի քիչ կլինեն ` 3000 - 4000 հոգի, որովհետև այստեղ հյուրանոցները կրկնապատկում, եռապատկում են գները և տաքսիստներն էլ ահավոր ձևով խաբում են. տուրիստ է եղել, որ օդանավակայանից եկել է իմ հյուրանոց ու պատմել է, որ վարորդն իրենից 20 հազար դրամ փող է վերցրել կամ 1կմ ճանապարհ են տանում ` 5000 դրամ փող են ուզում։ Դրա համար էլ պարսիկները գալիս 2 օր ստեղ մնում են, հետո փախնում գնում են Վրաստան»։