Պուտինի հաղթանակը Հայաստանում

Պուտինի հաղթանակը Հայաստանում

Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը` չնայած հրապարակավ հնեցված գեղեցիկ ելույթների: Ռուսաստանի նախագահական այսօրվա ընտրությունները, ինչի առթիվ ընտրական տեղամասեր են բացվել նաև Երևանում` Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գտնվող հյուպատոսարանում, ինդիկատորային եղան: Մեծ իմաստով` դրանք Հայաստանի իշխանության համար ոչ թե նախագահական ընտրություններ են, այլ ավելի պարզ, «մենթալիտետային» անվանում ունեն` Պուտինի ընտրություն: Պուտինի համար Հայաստանի իշխանությունները չեն խնայել ոչ մի բան` խտրականություն չդնելով միջոցների միջև, գործի դնելով հայկական ընտրական «լավագույն ավանդույթները»: Դեռևս օրեր առաջ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Պուտինի ընտրությանը վերաբերվելու է նույնքան ջանասիրությամբ, որքան` սեփական վերարտադրությանը: Օրեր առաջ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղադրվեց ցուցանակ , որի վրա ռուսերեն և հայերեն տառերով գրված է «Ռուսասատնի համար կարևոր է նրա յուրաքանչյուր քաղաքացու ձայնը»: Իհարկե, ցուցանակի բովանդակությունը պետք էր «խմբագրել»` Հայաստանի իշխանությունը պայքարելու է Պուտինի յուրաքանչյուր ձայնի համար: Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ ընտրողների հոծ բազմություն էր` Պուտինին ընտրողների արտառոց հերթ. Հայաստանի իշխանությունները «Գազելներով», գուցե նաև` համոզել-հարկադրանքով, փողով, մարդկանց բերել էին դեսպանատուն. չնայած հարսանյաց հանդեսին` քվեարկելու է եկել անգամ նորապսակների զույգը: Կասկած չկա, որ քվեարկության բերվածների մեծ մասը հայաստանցիներ են` գուցե կրկնակի քաղաքացիությամբ: Ընտրողների նման մասնակցություն, նման հերթեր չեն արձանագրվել անգամ հայաստանյան ընտրությունների ժամանակ: Այսօրվա քստմնելի տեսարանը մտահոգության ավելի խորքային արմատ ունի: Քսանյոթ տարիների ընթացքում այնքան ֆունդամենտալ ենք տապալել սեփական պետության կայացման նախագիծը, որ մեր հազարավոր քաղաքացիներ` Հայաստանի փոխարեն, ընտրում են աշխարհի ամենաիզգոյ երկրներից մեկը` Ռուսաստանը, որը հաշված օրերի ընթացքում դառնում է միջազգային մասշտաբի ահաբեկչի համարում ունեցող երկիր: Այնքան երկիր չենք դարձել, չենք զգում մեր պետությունը, որ հայաստանցիները նախընտրում են իրավունքներ ոտնահարող, մարդուն ոչնչացնող, պետական մակարդակով թրաֆիկինգի ենթարկող պետության քաղաքացի լինել: Այսօր էլ հազարավոր հայաստանցիներ ընտանիքներով դառնում են Ռուսաստանի քաղաքացի` իրենց տղա երեխաներին Հայաստանի բանակի ծառայությունից ազատելու համար: Իր պետական առաքելությունը ձախողած Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը` Սառը պատերազմի ռեժիմի մեջ մտնելով Պուտինի թիմում: Ընդ որում` Պուտինի համար էականն ոչ թե Հայաստանից ստացած մի քանի հազար ձայներն են, այլ` Հայաստանի իշխանության հավատարմությունը, քաղաքակրթական ընտրությունը: Պուտինն իր ընտրությունների համար առավելագույնը մոբիլիզացրեց Հայաստանի իշխանության ռեսուրսը` ի հեճուկս Ուկրաինայի և Վրաստանի, որոնք իրենց տարածքներում թույլ չեն տվել, որպեսզի օկուպանտի միջազգային ընկալում ունեցող Ռուսաստանը նախագահական ընտրություններ կազմակերպի: Պետականության ընկալումը, արժանապատվության զգացումը մեր իշխանությունների համար չեն. մերոնք ոչինչ չխնայեցին` Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարար Պուտինի շռնդալից հաղթանակն ապահովելու համար: Սրանից հետո ո՞նց կարելի է հավատալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության կարողությանը, կամքին: Ռուսաստանի այսօրվա ընտրությունների երևանյան քվեարկության ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանը ռուսական կայսրության ենթապետություն է, մեր քրեաօլիգարխիան` ռուսական չեկիստական-կոռուպցիոն համակարգի կցորդ: Պուտինիզմը վաղուց չի սահմանափակվում կոնկրետ մարդով և մեկ երկրով. դա մի ամբողջ համակարգ է, որի տարրերից է նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը: Դա քաղաքակիրթ աշխարհին և համատեքստին հակադրվող մենթալիտետ ու մտածողություն է, ինչի ականատեսը դարձանք այսօր` Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ Պուտինի ծառաների խրախճանքն էր: Սակայն սա խրախճանք է` ջրհեղեղից առաջ. պարզ է, որ Ռուսաստանի անձնագիրը մի քանի տարի հետո աշխարհում դառնալու է մերժված: Ահաբեկչական երկրի քաղաքացի ոչ մի նորմալ մարդ չի ցանկանալու լինել: Իրադարձությունների նման ընթացքն անխուսափելի է. հայաստանցիները տարիներ անց զանգվածաբար հրաժարվելու են Ռուսաստանի քաղաքացիությունից` հերթեր կանգնելով, ինչպես այսօր քվեարկում էին Պուտինի օգտին: