«Եթե հայերն ավելի մեծ ներդրումներ անեն, Սերբիան մեկի տեղը երկու անգամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

«Եթե հայերն ավելի մեծ ներդրումներ անեն, Սերբիան մեկի տեղը երկու անգամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»

Սերբիայի խորհրդարանը նախորդ շաբաթ մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քննարկելու ընդդիմության առաջարկը: Բանաձևը ներկայացրել էր նախկին վարչապետ Զորան Զիվքովիչի գլխավորած քաղաքական ուժը՝ «Նոր կուսակցությունը»: Լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ նախկինում՝ վերջին տասնամյակում, նման առաջարկներ մի քանի անգամ արվել են խորհրդարանին, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման բոլոր նախագծերը մերժվել են մեծամասնության կողմից: Պատմությունն ու ներկան Սերբիան իրականում շատ կարևոր երկիր է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի և Հայկական հարցի համատեքստում, քանի որ որոշակի առնչություններ ունի թե՛ Թուրքիայի և թե՛ հայոց պատմությանը: Սերբերը ևս կրել են Օսմանյան տիրապետության ծանր լուծը և ազատագրվել են միայն 19-րդ դարի վերջին՝ 1878 թ. Բեռլինի հաշտության պայմանագրով: Եվ այս իմաստով Սերբիան ամենևին էլ պատահական երկիր չէ: Թեև քրիստոնեական երկիր է ու Հայաստանի հետ ունի բարեկամական կապեր, Սերբիայում ապրող հայերի թիվը մեծ չէ: Տարբեր տվյալներով` այստեղ բնակվում է մոտ 300 հայ: Բայց ամենաուշագրավն այս պատմության մեջ այն է, որ չնայած ցեղասպանության բանաձևերի մերժումներին՝ Սերբիան այն քիչ երկրներից էր, որի նախագահը 2015 թ. ապրիլին եկավ Երևան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Չէինք կարող հանդգնել այստեղ չլինել, մեզ համար չգալու տարբերակը չկար: Ինչպե՞ս կարող ենք մենք այսօր այստեղ չլինել և ինչպե՞ս կարող ենք դավաճանել միլիոնավոր զոհերի հիշատակին, ինչպե՞ս չճանաչենք ճշմարտությունը, ինչպե՞ս չսովորենք ճշմարտության այն դասերը, որոնք մարդկությունը դասավանդել է և ավանդել է դեռ վաղուց», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել էր Սերբիայի այժմ արդեն նախկին նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Ավելի հրատապ հարցեր Ինչո՞ւ է Սերբիան խուսափում 1915 թ. իրադարձությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն ճանաչելուց: Նախկին Հարավսլավիայի արտգործնախարարի նախկին օգնական Ալեքսանդրա Յոսկիմովիչն այս հարցի առնչությամբ ասել է, թե Սերբիայի համար վաղ է նման հարցերով զբաղվելը: Սերբ դիվանագետի խոսքերով՝ Սերբիան ավելի հրատապ հարցեր ունի կարգավորելու՝ նախ և առաջ կապված Եվրամիությանը ապագա անդամակցության հետ: Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու նպատակով Թուրքագետ Հակոբ Չաքրյանը ենթադրում է, որ սերբական խորհրդարանի որոշումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերություններով: Առանցքայինն այստեղ Բոսնիայի մուսուլմանների ցեղասպանության՝ Սրեբրենիցայի հայտնի ջարդերի ճանաչման խնդիրն է: «Սերբիայի խորհրդարանը Թուրքիայի հետ հարաբերությունները չսրելու համար է մերժել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Թուրքերը Բոսնիայում սերբերի իրագործած ցեղասպանության հարցն են միջազգայնացրել, և սերբերը վախենում են, որ եթե 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեն, թուրքերն էլ բոսնիացի մահմեդականների ցեղասպանության հարցը կբարձրացնեն: Սերբիան պիտի որ դրա համար մերժած լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հակոբ Չաքրյանը: Թուրքագետի կարծիքով՝ սա ճիշտ որոշում չէ, որովհետև Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի տակ ստորագրել են ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, իսկ կանխարգելման լավագույն ձևը եղած բոլոր ցեղասպանությունները ճանաչելն է: «Փաստորեն Սերբիան իր իսկ ստորագրությունն է ժխտում ինչ-որ քաղաքական նկատառումների համար: Դա էլ լավ բան չի, որովհետև մեկուկես միլիոն մարդ զոհ է գնացել հայերի զանգվածային ջարդերին: Դրանով նա խաչ է քաշում մեկուկես միլիոն զոհերի հիշատակի վրա»: Էրդողանը ոսկե սարեր է խոստացել սերբերին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սերբիայի խորհրդարանի որոշումը մեկնաբանեց նաև սերբ լրագրող Բոյան Բրկիչը՝ ասելով, որ նման որոշում կայացնելու հիմնական պատճառը Թուրքիայի հետ հարաբերություններն են: «Սերբիայի տնտեսությունն իր մահվան մահճում է: Շատ վատ վիճակում է: Մեր նախագահը վերջերս երկու անգամ հանդիպել է Էրդողանի հետ: Էրդողանը այցելեց Բելգրադ և խոստացավ հսկայական ներդրումներ իրականացնել Սերբիայի տասնյակ ընկերություններում և Բելգրադ-Սարայեվո ավտոմայրուղու կառուցման մեջ, և մեր կառավարությունը, բնականաբար, չի հրաժարվի այդ առաջարկից: Եթե հայերն այստեղ ավելի մեծ ներդրումներ անեն, Սերբիան ոչ թե մեկ, այլ երկու անգամ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- բացատրեց սերբ լրագրողը: