Ով ծնկի բերեց «Միլան»-ին. Գատուզոն անկեղծանում է, իսկ Վենգերը…

Ով ծնկի բերեց «Միլան»-ին. Գատուզոն անկեղծանում է, իսկ Վենգերը…

Լոնդոնի «Արսենալ»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթահարելով ճգնաժամը: Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Միլան»-ի դեմ մրցավեճում լոնդոնյան թիմի խաղը իդեալական համարել չի կարելի: Ակնհայտ է, սակայն, որ ֆուտբոլիստները թոթափել են լարվածությունը: Այս պահին «Արսենալի» գլխավոր խնդիրը պաշտպանությունում խաղը կարգավորելն է: Կիսապաշտպաններն ու հարձակվողները ակտիվ համագործակցում են, և գրոհներն անհամեմատ ավելի սուր են: Պաշտպանական օղակում լուրջ բացեր են առաջանում հատկապես հակագրոհների ժամանակ: Եզրային պաշտպաններ Մոնրեալն ու Բելերինը շարունակ առաջ են գնում, սակայն նրանց որակներն ու ֆունկցիոնալ պատրաստվածության մակարդակը թույլ չեն տալիս անմիջապես նահանջել և ժամանակին «կոտրել» մրցակցի գրոհները: Երեկ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ընտրել էր հարձակողական 4-3-3 մարտավարությունը: Առջևի գծում, եզրերում խաղացող Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր շարունակ նահանջել և օգնել թե՛ Մոնրեալին և թե՛ Բելերինին: Հայ ֆուտբոլիստը մեծ ծավալի աշխատանք կատարեց և շարունակ վազքի մեջ էր: Հավանաբար դա էր պատճառը, որ խաղավարտից 20 րոպե առաջ Վենգերը մեր հավաքականի ավագին հանգստանալու հնարավորություն տվեց: «Միլանի» հետ հանդիպումը կրկին անգամ ցույց տվեց, որ Մխիթարյանը դարձել է «Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը: Այս անգամ ևս ուշադրություն էր գրավում Մխիթարյան-Օզիլ խաղային զույգը: «Ընդհանուր առմամբ բաց խաղ ստացվեց: Առաջին կեսում փորձում էինք պահել հաշիվը, ինչի հետևանքով էլ «նստեցինք» պաշտպանությունում: Խաղացինք բավական ուժեղ մի թիմի հետ, որը վերելքի մեջ է և մոտ ապագայում կարող է լուրջ հաջողությունների հասնել: Մենք պետք է ուժեղացնենք պաշտպանությունը: Մենք ունենք տեխնիկապես գրագետ մի կոլեկտիվ, որը դավանում է հարձակողական ֆուտբոլ: Երբ ստիպված ենք լինում պաշտպանվել, առաջանում են խնդիրներ: Նկատենք, սակայն, որ հանդիպման վերջնամասում ավելի հուսալի և կոմպակտ խաղ ցուցադրեցինք: Ընդհանուր առմամբ մենք հիմա շատ ավելի լավ ենք խաղում: Այս հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, որպեսզի շարունակվի հաղթական շարքը: Ընդունեմ, որ բարդ մրցավեճ էր, սակայն ուրախ եմ, որ հաղթեցինք: Եթե շարունակենք նույն ոգով խաղալ և այսպիսի արդյունքներ գրանցել, վստահ եմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչում մեր հնարավոր մրցակիցներին, ապա, ինչ խոսք, չէի ցանկանա, որ խաղայինք Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ»,- խաղից հետո ասել է Վենգերը: Նախորդ հանդիպումների համեմատ «Էմիրեյսթս» մարզադաշտը մարդաշատ էր: Երկրպագուները ևս կարծես թոթափում են հիասթափությունը: «Միլան»-ի թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուի կարծիքով՝ «Արսենալ»-«Միլան» հանդիպման լավագույն «խաղացողը» շվեդ մրցավար Յունա Էրիկսենն է, պնդելով, որ նա անտեղի 11 մետրանոց հարված նշանակեց իտալական թիմի դարպասին: «Մրցավարը ծնկի բերեց «Միլան»-ին: «Էմիրեյթս» մարզադաշտում մենք լավ խաղ ցուցադրեցինք: Խոստովանեք, որ Լոնդոնում հաջող խաղալն այնքան էլ հեշտ չէ: Մենք ֆանտաստիկ գոլ խփեցինք, իսկ րոպեներ անց «Արսենալ»-ը հավասարեցրեց հաշիվը: Այդ դրվագն ուղղակի խայտառակություն էր, որ ստվեր գցեց Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Վստահաբար հայտարարում եմ, որ Ռոդրիգեսը չէր դիպել Ուելբեքին: Նա ակնհայտ սիմուլյացիայի դիմեց, բայց մրցավարի համար դա 11 մետրանոց էր: Ակնհայտ է, որ տեղի ունեցած միջադեպը փոխեց խաղի ընթացքը: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել տղաներին, որոնք պայքարեցին մինչև վերջ: Մենք շարունակ գրոհում էինք և ստեղծում էինք գոլային պահեր: Բայց ինչ արած՝ սա ֆուտբոլ է: Մրցավար Էրիկսենը հանդիպման լավագույն խաղացողն է, ինչի համար շնորհավորում եմ նրան: Տարիներ շարունակ խաղում եմ թոփ-առաջնություններում և թոփ-մրցաշարերում: Այս աստիճակ խայտառակ մրցավարություն դեռևս չէի տեսել: Այս հանդիպումը դեռ երկար կհիշեմ»,- հայտարարել է Չալհանօղլուն: «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն շատ ավելի ադեկվատ կերպով է արձագանքել պարտությանը՝ նշելով, որ մրցավարն էլ մարդ է և կարող է սխալվել, ինչպես ֆուտբոլիստը: «Շնորհակալություն եմ հայտնում «Միլան»-ի խաղացողներին: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Եկեք անկեղծ լինենք և ընդունենք, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները կորցրել էինք մեկ շաբաթ առաջ «Սան Սիրո» մարզադաշտում: Ամեն դեպքում մտահոգիչ էր, որ դադարեցինք պայքարել 1-2 հաշվի ժամանակ և ընդունեցինք երրորդ գոլը: Սա մեր թիմի միակ բացասական կողմն էր: Պետք չէր նման բան անել: Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին: Նրանք կարող են սխալվել այնպես, ինչպես խաղացողները: «Արսենալ»-ի հետ երկու հանդիպումներն ապացուցեցին, որ մենք կարող ենք լուրջ խնդիրներ ստեղծել հզոր թիմերի համար»,- ասել է Գատուզոն: Հիշեցնենք, որ առաջին կեսի վերջնամասում, երբ «Միլանը» հաղթում էր 1:0 հաշվով, շվեդ մրցավարը 11 մետրանոց նշանակեց իտալական թիմի դարպասին: Կարելի է ասել, որ տվյալ դրվագում Ուելբեքն իսկապես սիմուլյացիայի դիմեց: Բայց հայտարարել, որ «Միլանին» ծնկի բերեց հանդիպման գլխավոր մրցավարը, կարծում ենք՝ այնքան էլ ճիշտ չէ: «Արսենալ»-ն ավելի ուժեղ էր և արժանի հաղթանակ տարավ: