Պաշտոնական մեղադրանք Մոսկվային. Լոնդոնի ապտակը Պուտինին

Պաշտոնական մեղադրանք Մոսկվային. Լոնդոնի ապտակը Պուտինին

Մարտի 18-ի նախագահական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինը ուժգին դիվանագիտական ապտակ ստացավ Լոնդոնից: Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել է ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա դեմ մահափորձի կազմակերպման մեջ: Մեյը տեղի ունեցածը որակել է որպես Մոսկվայի ոտնձգություն Լոնդոնի դեմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է իր երկրից ռուսաստանցի 23 դիվանագետի արտաքսման մասին` հույս ունենալով այս ծայրահեղ քայլով կասեցնել Ռուսաստանի հետախուզության մարմինների ապօրինի գործողությունները երկրի տարածքում: Լոնդոնը, ըստ էության, դադարեցրել է երկկողմ հարաբերությունները Մոսկվայի հետ` չեղարկելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Լոնդոն: Թագավորական ընտանիքի անդամներին և բրիտանական կառավարության անդամներին արգելված է ներկա գտնվել Ռուսաստանում հունիսին նախատեսված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Կասկածից վեր է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ունի հանցագործության ռուսական հետքը հաստատող անհրաժեշտ, անհերքելի փաստեր և, ենթադրաբար, առաջիկա ժամերին Ռուսաստանի դեմ հանդես են գալու Արևմուտքի բոլոր երկրները: Այսօր երեկոյան Լոնդոնի նախաձեռնությամբ տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Սերգեյ Սկրիպալի և նրա աղջկա թունավորման հարցը: Բոլոր հիմքերը կան` խոսելու համար Արևմուտք-Ռուսաստան հակադրության, այսպես կոչված, եզրափակիչ փուլի կամ ֆինալի մասին: Այս հակադրությունը կարճաժամկետ դրական էֆեկտ է ապահովելու «միլիտարիստական» քարոզարշավ անցկացրած Վլադիմիր Պուտինի համար. «արտաքին թշնամու» վտանգի դեմ նա մարտի 18-ին, անշուշտ, կկոնսոլիդացնի Ռուսաստանի հասարակության մեծ մասին և վստահության մեծ պաշարով չորրորդ անգամ կստանձնի նախագահությունը: Սակայն մարտի 18-ին Պուտինը վերջնականապես հատում է ռուբիկոնը` առանց նահանջի հնարավորության: Իսկ առջևում տեխնոլոգիապես հետամնաց Ռուսաստանի և Արևմուտքի հակադրության եզրափակիչ ակորդն է, որը վերջանալու է Սառը պատերազմի ժանրով` ռուսական կայսրության հերթական փլուզմամբ: Քաղաքակիրթ աշխարհի և Ռուսաստանի սահմանը 90-ականների սկզբին Բեռլինից տեղափոխվեց, այսպես կոչված, հետխորհրդային տարածք: Հերթական պարտության հետևանքով Մոսկվան կորցնելու է իր ազդեցությունը նաև հետխորհրդային տարածքում` այդպիսի գին վճարելով Պուտինի արյունոտ ռեժիմի կայսերական և արկածախնդիր քաղաքականությունը հանդուրժելու համար: