Հայաստանը ԱՄՆ-ի համար լուրջ ռազմավարական գործընկեր չէ

«Հայ-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր վիճակը գտնվում է շատ ցածր մակարդակում, չէի բնութագրի դրանք որպես լուրջ գործընկերների հարաբերություններ, քանի որ այդ մասին վկայում է նաև Հայաստանի խորհրդարանի անդամների վերջին այցը: Հայաստանի պատվիրակության անդամները, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի, Մերձբալթյան երկրների պատվիրակությունների, չեն ընդունվել, որքան գիտեմ, ԱՄՆ փոխնախագահի կողմից, ինչպես տեղի է ունենում այն երկրների դեպքում, որոնց Միացյալ Նահանգներն ընկալում է որպես լուրջ գործընկերներ: Ավելին, որքան գիտեմ, նրանց չի ընդունել անգամ Կոնգրեսի խոսնակը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը»,-այս մասին «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում նշեց ամերիկագետ Արեգ Գալտյանը: Մեր զրուցակցի  խոսքով՝ Հայաստանի պատվիրակության անդամները չեն հանդիպել անգամ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի, սպառազինության հարցերով հանձնաժողովի ղեկավարների հետ: «Այս ամենը վկայում է այն մասին, որ հայ-ամերիկյան հարաբերություններում առայժմ պետական լուրջ օրակարգ չկա: Եվ քանի դեռ նման լուրջ օրակարգ չկա, չեն լինի նաև լուրջ հանդիպումներ, հետևաբար,  խոսելու լուրջ թեմա ևս չկա»: