Խախտվել են մարդու իրավունքները և լրագրողական էթիկան. Դիտորդների խումբը՝ ՔԿՀ կանանց ծաղրող ռեպորտաժի մասին

Խախտվել են մարդու իրավունքները և լրագրողական էթիկան. Դիտորդների խումբը՝ ՔԿՀ կանանց ծաղրող ռեպորտաժի մասին

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում «Արդարության հետքերով» խորագիրը կրող թողարկման վերաբերյալ, որը նկարահանվել է «Աբովյան» ՔԿՀ-ում և հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության երեթով։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Տեսանյութում ակնհայտ ծաղրի են ենթարկվում կանայք, որոնք անազատության մեջ են և արդեն իսկ գտնվում են խոցելի վիճակում։ Խումբը նման մոտեցումը համարում է մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Մարդու իրավունքների եվրոպական և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամաբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիաներին։ Նաև հաղորդումը պատրաստված է լրագրողական էթիկայի կոպտագույն խախտմամբ և անազատության մեջ պահվող անձնանց հանդեպ ակնհայտ խտրական վերաբերմունքով, ինչն էլ ավելի արտահայտված է կանանց դեպքում, որոնք, ըստ միջազգային հեղինակավոր կառույցների հետազոտությունների ավելի են «պիտակավորվում» և նրանց հետագա սոցիալիզացիան առավել բարդ է լինում։ Այստեղ ակնհայտ է թե՛ լրատվամիջոցի՝ Հանրային Հեռուստատեսության պատասխանատվությունը, թե՛ ՀՀ արդարադատության նախարարության զգոնության և աչալրջության պակասը, առանց որի գիտության ու թողտվության չէր կարող տեղի ունենալ նման նկարահանում։ Ուստի՝ Պահանջում ենք․ Հանրային հեռուստաընկերությունից - հանդես գալ տեսանյութում տեղ գտած լրագրողական էթիկայի խախտման վերաբերյալ հանրային բացատրությամբ - հաղորդման մեջ ցուցադրված կանանցից և նրանց ընտանիքներից հրապարակային ներողություն խնդրել ՀՀ արդարադատության նախարարությունից - տեղեկացնել, արդյոք ուսումնասիրվել է լրագրողի գործունեությունն ու նպատակը - ի՞նչ հիմնավորմամբ է տվյալ «հումորային» հաղորդմանը հնարավորություն ընձեռնվել մուտք գործել «Աբովյան» ՔԿՀ տարածք, քանի որ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ լրատվամիջոցների դիմումիները մերժվում են նախարարության կողմից։ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում արձանագրած հրատապ խնդիրների, այս միջադեպի և այլ նմանատիպ շարունակական բնույթ կրող խնդիրների լուծումների առաջարկություններ տալու նպատալով Խումբը մամլո ասուլիս է կազմակերպելու, որի մասին առանձին հայտարարություն կտարածվի մոտակա օրերին»: Նշենք, որ նույն թեմային անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»: Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա էին դարձել: Ռեպորտաժի ժամանակ կադրից դուրս պարբերաբար հնչում էր ծիծաղի ձայն: