«Ելք»-ը՝ նոր կոնսենսուսին ընդառաջ

«Ելք»-ը՝ նոր կոնսենսուսին ընդառաջ

«Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելուն ուղղված ճանապարհային քարտեզի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացրած գործողությունների ծրագրի շուրջ այս պահին դեռևս կոնսենսուս չկա: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցներում՝ չբացառելով, որ կոնսենսուսի բացակայության պարագայում իր կուսակցությունը կարող է գործել ինքնուրույն: Գրեթե կանխատեսելի է, որ այս հարցում դաշինքի ներսում կոնսենսուս չի ձևավորվելու, գոնե փողոցային պայքար ծավալելու հարցում: Նման պնդման համար ունենք հիմքեր. անցած շաբաթավերջին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցելու է Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների հանրահավաքին, դրան անմիջապես հաջորդեցին Արամ Սարգսյանի հոդվածը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործիչների հարցազրույցները, որոնց հիմնական նպատակը դաշինքին «ծռությունից» սահմանազատելն էր: Հիմա գանք բուն խնդրին: «Սերժ, հեռացիր» պահանջով փողոց դուրս գալը լյումպենի թելադրած օրակարգն է, արհեստական մի թեզ, որի միջոցով արմատական հայացքներ ունեցող և լուսանցքային ագրեսիվ փոքրամասնությունը ցանկանում է արհեստականորեն թեստավորել ընդդիմությանը, իրականում, ըստ էության, խոչընդոտել համակարգային լուրջ հիմքեր ունեցող իրական այլընտրանքի ձևավորմանը: Այս օրակարգը «Ելք»-ում քննարկման թեմա առհասարակ չպետք է դառնար, որովհետև դաշինքի ստացած 120.000 ձայները ապագա՝ եվրոպական Հայաստանի ուղերձն են և, այսպես կոչված, հակասերժականության հիմքով չեն տրվել: Առնվազն տարակուսելի է, որ Սերժ Սարգսյանին փողոցի միջոցով հեռացնելու հարցը կարող է փլուզել դաշինքը, որի նոմինալ ռազմավարական տեսլականը ավելի գլոբալ խնդիրների, որակապես նոր Հայաստանի մասին է: Եթե խնդիրը Սերժ Սարգսյանի նկատմամբ դիրքորոշումն է, ապա այս հարցում դաշինքում լիարժեք կոնսենսուս է. լյումպենից բացի՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել «Ելք»-ի ընդդիմադիր լինելը: Առանց նոր բովանդակության Ազատության հրապարակ վերադառնալը ինքնաբերաբար նշանակում է տուրք տալ արմատական ագրեսիվ փոքրամասնության վերջնագրերին, սակայն լուզեր գործիչների միջավայր տեղափոխվելով՝ լուծվելու է ոչ թե Սերժ Սարգսյանի հեռացման հարցը, այլ առաջիկա տարիների համար վերացվելու է նրա անձնակենտրոն իշխանությանն իրական այլընտրանք ստեղծելու հնարավորությունը: Այս ճշմարտությունը դաշինքի կուսակցություններից երկուսը, բարեբախտաբար, հասկացել են: Ոչ մի ողբերգություն, դաշինքի փլուզում չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը իր երկու գործընկերների դիրքորոշմանը հանգի շաբաթներ անց՝ Ազատության հրապարակում, անհատական կամ կուսակցական մակարդակով, Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջելուց հետո: Գուցե Նիկոլ Փաշինյանն իսկապես համոզված է, որ տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդիկ կհեղեղեն փողոցները՝ երկրի գործող նախագահից ազատվելու համար: Փողոցը սթափեցնող հատկություն ունի, և թերևս Նիկոլն անձամբ պետք է համոզվի, որ Սերժ Սարգսյանի մնալու կամ հեռանալու թեման մեր հասարակությանը վաղուց չի հուզում: Գուցե Նիկոլ Փաշինյանի սեպարատ «մինի-հեղափոխության» ձախողումն ավելի ամրապնդի դաշինքը՝ այլևս վերջնական դարձնելով մեկ այլ կոնսենսուս, որ «Ելք»-ը, իշխանությունից բացի, հավասարապես պետք է տարանջատվի նաև «ծռությունից», բարիկադներից: Հայհոյախոսող լյումպենից սահմանազատելու թեման հրամայական է «Ելք»-ի համար: Եթե ապրիլի 9-ից առաջ կամ հետո այս կոնսենսուսը դաշինքում ձևավորվի, այսօրվա մարտավարական հակասությունները ոչ մի լուրջ ճեղք «Ելք»-ում չեն առաջացնի, նույնիսկ կնպաստեն ներքին դիսկուրսի մշակույթի ձևավորմանը: