Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին և նրանց ուղեկցող անձանց:Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությունը և կարևորել կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է նորանկախ պետությունների համար՝ զարգացնելու ընդհանուր անցյալ ունեցող երկրների հետ հարաբերությունները՝ չկորցնելով ձեռքբերումները: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին՝ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նիստի անցկացման լավագույն պայմանների ապահովման համար՝ Վիոլետա Իվանովը նշել է, որ նիստի անցկացումը Երևանում գնահատելի է ոչ միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, այլ երկիրն ու նրա քաղաքացիներին առավել լավ ճանաչելու տեսանկյունից: ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքը, անդրադարձել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա երդմնակալությանն ու վարչապետի ընտրության գործընթացին: