Եթե անակնկալներ չլինեն, ուրբաթ օրը դուրս կգրվեմ. Ազատ Արշակյանն արդեն լավ է զգում իրեն

Եթե անակնկալներ չլինեն, ուրբաթ օրը դուրս կգրվեմ. Ազատ Արշակյանն արդեն լավ է զգում իրեն

«Ես արդեն լավ եմ, ու եթե վիճակս այսպես պահպանվի, ուրբաթ օրը դուրս կգրվեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը։ Նա ասաց, որ բժիշկներին հաջողվել է իջեցնել իր ճնշումը, շաքարը և առիթմիան։ «Երեք պրոբլեմ կար՝ շաքար, ճնշում և առիթմիա։ Հիմա մի քիչ առիթմիայի վրա են աշխատում։ Եվ եթե անակնկալներ չլինեն, ես ուրբաթ դուրս կգրվեմ և կմիանամ բոլորիդ»,- հավելեց Արշակյանը՝ շտապելով շնորհակալություն հայտնել իր աջակիցներից։ «Այդ համերաշխության զգացումը ինձ ուժ էր տալիս, ես ինձ լավ էի զգում»,- ասաց Արշակյանը։ Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա Արշակյանն ասաց, որ և ինքը չի ուզում վիրահատություն, և բժիշկները։ «Ինչ հնարավոր էր իմ սրտի հետ անել, այս 15 տարվա ընթացքում արվել է, 4 անգամ վիրահատության եմ ենթարկվել։ Ռիսկը մեծ է։ Իմ տարիքում նման վիրահատությունը ռիսկային է։ Ինչ որ պետք է արվի, դա էլ է ռիսկային, վտանգավոր։ Ես էլ պնդեցի, որ եթե արդեն իսկ արվածով և դեղերով հնարավոր լինի պահպանել իմ վիճակը, դուրս գրվեմ գնամ»,- ասաց մեր զրուցակիցը։ Արշակյանը նշեց, որ արտասահման մեկնել չի ցանկանում, այստեղ կան անհրաժեշտ մասնագետներ։ «Ես ունևոր ընկեր ունեմ, առաջարկում է ուղարկել արտասահման բուժվելու, բայց ես մերժել եմ այդ առաջարկը։ Իմ հայրենիքի հողը ինձ ուժ է տալիս, պահում է ինձ։ Թե չէ 4 անգամ ով է ինֆարկտ տանում և ողջ մնում»,- կատակեց Արշակյանը։ Հիշեցնենք, որ Ազատ Արշակյանին սրտի հետ կապված լուրջ խնդրով հոսպիտալացրել էին կիրակի օրը։ Նրա մոտ անգամ սրտի կանգ էր արձանագրվել, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։