ԱՄՆ-ը Մոսկվային ու Բաքվին ստիպել է հետևություններ անել

ԱՄՆ-ը Մոսկվային ու Բաքվին ստիպել է հետևություններ անել

ՌԴ Պետդումայի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կասաչևը Երևանում հայտարարել է, թե Ռուսաստանն ապրիլյան պատերազմից հետո արել է հետևություններ, և իր ունեցած տեղեկությամբ՝ Ադրբեջանին սպառազինության վաճառքը այլևս չի լինի նախկին մասշտաբով, իսկ այժմ Մոսկվան պարզապես կատարում է մինչև 2016 թվականը կնքված պայմանագրերի մատակարարումը: Ռուսաստանի Պետդումայի վերին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կասաչևը փորձում է ավանդականի պես էժան միավորներ հավաքել Հայաստանի հանրությունից՝ պարզունակ քաղաքական բլեֆի շնորհիվ: ՌԴ Պետդումայի վերին պալատի պատվիրակությունը Հայաստան ժամանեց անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստան վերադարձավ ԱՄՆ այցելած հայկական խորհրդարանական պատվիրակությունը, որը Վաշինգտոնում էր աննախադեպ այցով: Ռուսական պատվիրակության այցն ըստ էության այլ բան չէ, քան պարզապես ռևիզիա: Դա իհարկե բնական է՝ ընդունենք, թե ոչ, բայց Հայաստանն օբյեկտիվորեն ստիպված է լինելու Արևմուտքի հետ առավել ևս որևէ աննախադեպ շփում արագորեն բալանսավորել Ռուսաստանով՝ Մոսկվայում կտրուկ արձագանք չառաջացնելու և այդպիսով արևմտյան ուղղությամբ աշխատանքի ավելորդ խոչընդոտ առաջ չբերելու համար: Հայաստանի ներկայիս իշխող համակարգն իր որակներով չի կարող իրեն թույլ տալ ավելի հստակ և ձիգ կեցվածք: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանն էլ այս իրավիճակում ունակ չի գտնվում անել որևէ հետևություն, և Կասաչևի հայտարարությունը, թե 2016-ի ապրիլից հետո հետևություն արել են, մեղմ ասած՝ պարզունակ քարոզչություն է: Բանն այն է, որ հետևություն արած լինելու պարագայում առաջին հերթին պետք է ռուսական քաղաքականությունից իսպառ բացառվեր հայկական հանրությանը պարզունակ քարոզչությամբ մոլորեցնելու բաղադրիչը: Ի վերջո, 2016 թվականի ապրիլը Ռուսաստանի համար խոշորագույն տապալում էր հենց այդ մասով, երբ պարզ եղավ, որ Հայաստանի հանրությունը կուլ չի տալիս պարզունակ քարոզչական խայծերը և, անհրաժեշտության դեպքում շատ սթափ գնահատելով իրավիճակը, պարզապես կարող է դնել Ռուսաստանի հետ հարաբերության վերանայման հարցը: Եվ եթե ապրիլի պատերազմը շարունակվեր ևս մի քանի օր, ապա թերևս պետք չէ կասկածել, որ հարցը դրվելու էր առաջին հայացքից լիովին յուրացված թվացող հանրային օրակարգում: Բայց այդ ամենից հետո էլ ՌԴ Պետդումայի բարձրաստիճան պաշտոնյան կարող է Հայաստանում անել պարզունակ մանիպուլյացիայի վրա կառուցված հայտարարություններ՝ ասելով, թե Ռուսաստանը նախկին ծավալով զենք չի վաճառի Ադրբեջանին, քանի որ հետևություններ է արել ապրիլի պատերազմից: Ապրիլի պատերազմից հետևություններ արած պետությունը Ադրբեջանի զինվորականների, պաշտպանության նախարարության հետ չի կիսվի Սիրիայում իր ռազմական փորձով, ռազմագործողությունների արդյունքներով, ինչի մասին հայտարարել են թե Բաքվի, թե Մոսկվայի ՊՆ ղեկավարները: Իսկ Ադրբեջանի զենքի վաճառքի հարցում Ռուսաստանի «զսպվածությունը» ոչ թե պայմանավորված է 2016-ի ապրիլով, այլ 2018-ի հունվարով, երբ ուժի մեջ են մտել ԱՄՆ նոր պատժամիջոցները ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի և դրա հետ նշանակալի գործարքներ կնքող սուբյեկտների համար: Իսկ դա նշանակում է, որ ոչ թե Ռուսաստանը քիչ զենք կվաճառի Բաքվին, այլ պարզապես Բաքուն կգերադասի քիչ զենք գնել Ռուսաստանից՝ ամերիկյան պատժամիջոցների ենթակա չլինելու համար: Այսինքն՝ խնդիրը ամերիկյան պատժամիջոցներն են, ոչ թե ռուսական հետևություններն ապրիլյան պատերազմից: Դրանք են Ռուսաստանին ու Ադրբեջանին ստիպում անել հետևություններ, որոնք կամա թե ակամա այդպիսով նպաստում են տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի հնարավորինս կայունացմանը և ըստ այդմ՝ անվտանգության համակարգի համեմատաբար առավել կառավարելիությանը, քան մինչև 2016-ի ապրիլ: