Հնարավոր փոփոխություններ՝ «Արսենալում». Լոնդոյան թիմի մեկնարկային կազմը՝ «Միլանի» դեմ խաղում

Հնարավոր փոփոխություններ՝ «Արսենալում». Լոնդոյան թիմի մեկնարկային կազմը՝ «Միլանի» դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Միլանի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մարտի 8-ին «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած մրցավեճն ավարտվել էր «Արսենալի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Թվում է, թե «Արսենալի» մասնակցությունը քառորդ եզրափակչում արդեն իսկ ապահովված է: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ «Արսենալը» վերջին շրջանում աչքի է ընկնում անկայուն խաղով, ինչը առիթ էր հանդիսացել երկրպագուների կողմից տնային հանդիպումները բոյկոտելու: Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր շվեդական «Էսթերսունդին»: Պատասխան խաղում շվեդական թիմին հաջողվեց 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, իսկ «Արսենալը» կարողացավ միայն մեկ գոլով պատասխանել: Հիշեցնենք, որ «Միլանի» հետ առաջին հանդիպումը բեկումնային եղավ «Արսենալի» համար, որը մինչ այդ 4 անընդմեջ պարտություն էր կրել: Այս հանդիպումը բեկումնային էր նաև Հենրիխ Մխիթարյանի համար, որն առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում, իսկ օրեր անց Պրեմիեր լիգայի շրջանակներում «Ուոտֆորդի» դեմ խփեց երկրորդ գոլը՝ կատարելով նաև գոլային փոխանցում: Չնայած «Միլանի» հետ խաղում տարած հաղթանակին՝ «Ուոտֆորդի» դեմ մրցավեճում «Էմիրեյթսը» կրկին լեցուն չէր: «Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար, անկախ նրանից՝ մարզադաշտը լեփ-լեցո՞ւն է, թե՞ ոչ: Հավատացեք, որ միշտ ներդնում ենք ողջ ներուժը նրանց համար, ովքեր գալիս են մեզ աջակցելու: Նրանք, ովքեր «Էմիրեյթսում» ոգևորում են մեզ, իրական երկրպագուներ են: Այն մարդկանց, որոնք գալիս են մարզադաշտ միայն այն ժամանակ, երբ հաղթում ենք, ոչինչ չունենք ասելու: Շնորհակալություն այն երկրպագուներին, որոնք աջակցում են մեզ»,- հայտարարել է Մխիթարյանը: Այս պահին դժվար է ասել՝ վաղվա խաղում «Էմիրեյթսը» լեցուն կլինի՞, թե՞ ոչ: Այն, որ Վենգերը վաղը կպայքարի մարտական կազմով, կարծում ենք՝ ակնհայտ է: «Արսենալը» «Միլանի» արգելքը կարող է հաղթահարել նույնիսկ մեկ գնդակի տարբերությամբ պարտվելով, բայց այս արդյունքը, ինչպես նաև ոչ-ոքին կրկին անգամ չի ընկալվի ֆանատների կողմից: Առկա իրավիճակում «Արսենալի» համար անչափ կարևոր է հաղթելը մարտական ոգին բարձր պահելու համար: «Միլանի» դեմ առաջին խաղում Վենգերը նախընտրել էր 4-3-2-1 մարտավարությունը: Հենակետային կիսապաշտպանի գոտում նա օգտագործել էր միանգամից 3 ֆուտբոլիստների՝ Ուիլշերին, Ջակային և Ռեմսիին: Սա, կարելի է ասել, բարիկադ էր պաշտպանության օղակին ընդառաջ: Ավելին, ուժեղացնելով կիսապաշտպանության կենտրոնը՝ Վենգերը ավելի ազատ գործելու հնարավորություն էր տվել Օզիլին և Մխիթարյանին: Ըստ փորձագետների՝ առաջիկա խաղում Վենգերը կպայքարի 4-2-3-1 դասավորությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Օսպինան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Հոլդինգը: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական և Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Ուիլշերը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Օզիլը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Ուելբեքը: «Ուոտֆորդի» հետ հանդիպման համեմատ «Արսենալի» կազմում կլինեն փոփոխություններ: Հիշեցնենք, որ կենտրոնական հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն իրավունք չունի «Արսենալի» կազմում մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկությանը: Սպասվում է, որ վաղը մեկնարկային կազմում կլինեն Բելերինն ու Մոնրեալը, որոնք վնասվածքի պատճառով շարքից դուրս էին եկել: Այս անգամ հիմնական կազմում չեն լինի դարպասապահ Չեխը, պաշպաններ Մետլենդ-Նիլսը, Կոլաշինացը, ինչպես նաև կիսապաշտպաններ Իվոբին և Էլնենին: Ուիլշերին առաջ քաշելով՝ Վենգերը հնարավորություն կտա, որպեսզի Մխիթարյանն ու Օզիլը ավելի հարձակողական ֆուտբոլ խաղան: Հնարավոր այս փոփոխությունները, կարծում ենք, «Արսենալի» խաղին սրություն կհաղորդեն: Նշենք, որ Վենգերը Ուելբեքին ստիպված է օգտագործում որպես միակ նոմինալ հարձակվող, քանզի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը դեռևս չի ապաքինվել վնասվածքից: Հետևաբար կրկին անգամ «Արսենալի» առջևի գծում արդյունավետ գործողությունները էապես կախված կլինեն Մխիթարյան-Օզիլ խաղային զույգից: Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի «Արսենալը»: Նման ելքի համար սահմանված է ընդամենը 1.06 գործակից: «Միլանի» քառորդ եզրափակիչ դուրս գալը գնահատված է 8.5 գործակցով: Առաջիկա մրցավեճում «Արսենալի» հաղթանակը գնահատված է 2.12, ոչ-ոքին՝ 3.5, իսկ «Միլանի» հաղթանակը՝ 3.6 գործակցով: Նկատենք, որ «Արսենալի» հաղթանակի հնարավորությունը բուքմեյքերներն այնքան էլ բարձր չեն գնահատում: Հենրիխ Մխիթարյանի գոլի հեղինակ դառնալու համար սահմանված է 3.05 գործակից: «Արսենալ»-«Միլան» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 00:05-ին: