«Հանուն օտար ափերում գտնվող մեր երեխաների»․ Միհրան Պողոսյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ միաձայն «կողմ» քվեարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած նախագծին: ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որով օտարերկրյա պետություններում դպրոց հաճախող ՀՀ արական սեռի ներկայացուցիչներին թույլատրվի ավարտել դպրոցը, հետո միայն մտածել զինվորական ծառայության մասին: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ոչ խորհրդարանական խմբակցությունների, ոչ էլ կառավարության կողմից առաջարկ չի ներկայացվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` տարկետո՞ւմ ենք տալիս: Միհրան Պողոսյանը պարզաբանեց` խոսքը հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողներին է վերաբերվում, ոչ թե բարձրագույն: Գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է Հայաստանի հանրապետության հանրակրթական հաստատություններում սովորողներին`ավարտել դպրոցը նոր մտածել զինապարտության մասին: Բայց արտերկրում սովորող երեխաներին դա չէր վերաբերում: