Դա անթույլատրելի է. Արդարադատության նախարարը լուրջ քննարկում կունենա Հ1-ի ղեկավարության հետ

«Ես կարծում եմ, որ դա անթույլատրելի է, ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով և շատ լուրջ քննարկում եմ ունենալու Հ1-ի ղեկավարության հետ, որովհետև սա առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից։ Մենք դա քննարկման առարկա կդարձնենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Հ1-ի «Լավ երեկո» հաղորդման շրջանակներում դատապարտված կանանց ծաղրելու վերաբերյալ հաղորդմանը։ Նախարար այս խնդրին անդրադարձավ, երբ հարց հնչեց, թե ինչու են բարդացնում լրագրողների մուտքը ՔԿՀ, իսկ ժամանցային հաղորդումների լրագրողները, պարզվում է, անարգել մուտք են գործում ՔԿՀ և ծաղրում մարդկանց։ «Նախկինում սահմանափակ էր այն անձնանց թիվը, ովքեր ներկայանում էին լրագրող, եթե հիշում եք՝ այն ժամանակ գործում էր այլ կանոնակարգ։ Այսօր յուրաքանչյուր անձ իր կրծքից կախում է բեյջ, օրինակ՝ անունը դնում elak.am կայքի լրագրող, ներկայանում է և ասում՝ խնդրում եմ թույլ տվեք ես մուտք գործեմ ՔԿՀ։ Իսկ ՔԿՀ-ն հանգստյան վայր չէ, կալանավայր է, հատուկ ռեժիմային գոտի, և պահանջում է նաև հատուկ վերաբերմունք»,- ասաց նախարարը։ Դավիթ Հարությունյանը անդրադարձավ նաև ահաբեկչության քարոզի վերաբերյալ դրույթին, ՍԴ անդամի ընտրությանը և Քրեական օրենսգրքի մշակման աշխատանքներին։ Առավել մանրամասն՝ տեսանյութում