Ստոր, եղկելի պատվեր է. Զարուհի Փոստանջյանը փորձում է Քոչարյանի վրայից մաքրել Մարտի 1-ը

Ստոր, եղկելի պատվեր է. Զարուհի Փոստանջյանը փորձում է Քոչարյանի վրայից մաքրել Մարտի 1-ը

«Զարուհի Փոստանջյանը քաղաքական գործիչ չէ, որ նրա գործողությունները մեկնաբանեմ։ Նա պարզապես շարքային պատվեր կատարող է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Լևոն Եղիազարյանը՝ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի՝ «Երկիր Ծիրանիի» ներկայացրած նոր նախաձեռնությանը։ Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած խմբակցությունը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին ներկայացնել նախաձեռնություն Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի ետնամասում տեղադրել Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Այս նախաձեռնության հիմնավորումներ բաժնում, սակայն, շատ ուշագրավ քաղաքական ենթատեքստ կա։ Ներկայացված ձևակերպումներով փորձ է արվում նսեմացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերն ու մեղսակցությունը Մարտի 1-ի սպանդին։ Ըստ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախաձեռնության՝ նշվում է. «Հայ ազգը նորանկախ Հայաստանի բռնակալությունից առաջին սարսափելի հարվածը ստացավ 1995-1996 թվականներին, երբ կեղծվեցին ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեն, խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, և հայտարարվեց քաղաքական իշխանության ձևավորման համար այլևս կիրառվելիք հետևյալ բանաձևը․«Եթե ընդդիմությունը նույնիսկ հավաքի 100 տոկոսանոց ձայն, նրան իշխանություն չի տրվելու»: Այսինքն՝ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին» մեղավորության սլաքն ավելի շատ ուղղում է դեպի Լևոն Տեր-Պետրոսյան և Սպարապետ Վազգեն Սարգսյան, քան Ռոբերտ Քոչարյան։ Եվ բնավ պատահական չէ, որ «Երկիր Ծիրանին» այս նախաձեռնությանը զուգահեռ ավագանու նիստ է բերում նաև Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անվամբ վերանվանելու նախաձեռնությունը։ «Զառան արկածախնդիր, սկանդալների վարպետ մարդ է, բայց եթե փորձենք մի քիչ լուրջ մոտենալ նրա քայլերին, ապա շատ պարզ կդառնա նրա քայլերի իմաստը։ Նա հստակ պատվեր է կատարում։ Այս նախաձեռնությամբ նա փորձում է Ռոբերտ Քոչարյանի վրայից մաքրել Մարտի 1-ը։ Իսկ նրա մյուս նախաձեռնությամբ՝ Վազգեն Սարգսյանի փողոցը անվանափոխելու իր առաջարկով մեկ այլ խնդիր է լուծում։ Մտածեք՝ ում է ձեռնտու Վազգեն Սարգսյանի փողոցի անվանափոխումը։ Իհարկե, Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին։ Հետևաբար, ես Զառայի հետևում տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Այլ կերպ բացատրել, մեկնաբանել նրա գործողությունները, հնարավոր չէ։ Ես կապ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի, Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ու Զառայի նախաձեռնությունների միջև»,- հավելեց Եղիազարյանը։ Նրա խոսքերով՝ Վազգեն Սարգսյանի արած արտահայտությունը կոնտեքստից կտրված է։ Վազգեն Սարգսյանը 1996 թվականին այդ խոսքերն ասել է այն բանից հետո, երբ ընդդիմություն կոչվածը, որն այսօր մեդալներ է ստանում Սերժ Սարգսյանի կողմից, խաբեց ժողովրդին, փախավ, որից հետո ջարդեցին ԱԺ նախագահի, նրա տեղակալի գլուխը։ «Այդ խոսքերը ենթատեքստից կտրված խոսքեր են, որոնք ոչ մի կապ չունեն Մարտի 1-ի հետ։ Մարտի 1-ին 10-ից ավելի զոհ ենք տվել։ Զառան, կրկնում եմ, եղկելի, ծիծաղելի, խայտառակ պատվեր է կատարում։ Ընդ որում այն ուժերի կողմից, ում ձեռնտու էր Հոկտեմբերի 27-ը, այն ուժերի կողմից, ովքեր ցանկանում են Ռուսաստանն իրենց ֆորպոստ հռչակեն։ Պատվեր է կատարում այն ուժերի կողմից, ովքեր իրեն ֆինանսավորում են և ժամանակին այստեղ չեն ծառայել ու փախել են մեր երկրից։ Այն մութ ուժերից, որոնց ձեռնտու է, որ գան ու զենքով իշխանություն գրավեն, ծռություն անեն»,- ընդգծեց Եղիազարյանը։ «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամի խոսքերով՝ Զարուհի Փոստանջյանն այս ամենից զատ, նաև այլ խնդիր է լուծում։ Փոստանջյանը համոզված է, որ ավագանու նիստի ժամանակ և՛ «Ելք» դաշինքը, և՛ ՀՀԿ-ն դեմ կլինեն Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելուն։ «Հիմա այսպիսով Զառան ուզում է ի լուր աշխարհի հայտարարել, որ տեսեք, ՀՀԿ-ն ու «Ելք»-ն ունեն նույն կարծիքը, այսինքն՝ համագործակցում են իրար հետ։ Էժան ու եղկելի քայլի է գնում»,- եզրափակեց Եղիազարյանը։ Ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանի համար զարմալի է Սպարապետի անվան հետ կապված այս շահարկումները։ «Քիչ չէ՝ մեր հերոսին գնդակահարեցինք, հիմա էլ նրա արած գործն ենք ուզում ուրանանք։ Յուրաքանչյուր հայի համար պետք է հպարտություն լինի իր երկրի, իր զինվորի համար կյանք դրած հերոսին մեծարելը։ Նրա շնորհիվ մենք բանակ ունենք, հաղթանակած բանակ։ Ինձ թվում է՝ այնպիսի մի վիճակ է հասել, երբ մարդիկ արդեն ծայրահեղությունների գիրկն են ընկել։ Եթե պայքարի ուրիշ առիթ, թեմա չունեն, ավելի լավ է՝ ընդհանրապես դուրս գան պայքարից»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոսյանը՝ հավելելով. «Սպարապետի գինն ու գնահատականն ավելի լավ օտարն է տալիս, քան մենք։ Ես կոչ կանեի հետ կանգնել։ Ամոթ է մեր երկրի համար նման բաները»։