Միջադեպը հարթվել է․ Երուսաղեմի հայ հոգևորականը երկնային հրաշքներ չի տեսել

Միջադեպը հարթվել է․ Երուսաղեմի հայ հոգևորականը երկնային հրաշքներ չի տեսել

Երուսաղեմում՝ Հարության տաճարում, Քրիստոսի գերեզմանի վրա արդեն վառված կանթեղ է դրված, որից էլ վառում ենք մոմերը և բաժանում ժողովրդին։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմում Հայ առաքելական եկեղեցու քահանա Սամուել Աղոյանը՝ մեկնաբանելով Սուրբ կրակի մասին լրագրողի հետ զրույցում իր ասածը, որը վիճաբանության առիթ էր դարձել իր և հույն հոգևորականի միջև։ Նրա խոսքերով՝ գուցե նախկինում եղել են հրաշքներ, բայց ինքն անձամբ նման բանի ականատես չի եղել։ «Հեռուստաալիքի լրագրողը հանդիպում ունեցավ ինձ հետ, միասին նաև Քրիստոսի գերեզման գնացինք, այնտեղ էլ որոշ բացատրություններ տվեցի, և երբ հարց տվեց լույսը հանելու արարողության վերաբերյալ, ես իմ փորձառությունը ներկայացրի, քանի որ երեք անգամ պատրիարքի և եպիսկոպոսների հետ ներկա եմ եղել այդ արարողությանը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։ Ես ասացի, որ գերեզմանի վրա դրվում է արդեն վառված կանթեղ, և երբ ես և հունաց պատրիարքը ներս մտանք գերեզման, աղոթեցինք, որից հետո մեր մոմերը վառեցինք վառված կանթեղից։ Այսինքն՝ երկնքից լույս չիջավ»,- նշեց Սամուել Աղոյանը՝ հավելելով, որ այդ արարողությունը Քրիստոսի հարության հիշատակին է նվիրված։ Նա նշեց, որ իրականում պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկնքից լույս իջել է և կանթեղները վառվել են, բայց ինքն անձամբ այդպիսի երկնային հրաշքներ չի տեսել։ «Իմ եկեղեցական եղբայրները, որոնք նույնպես այդ արարողություններին մասնակցել են, իրենք էլ չեն տեսել հրաշքը։ Բայց մենք հավատում ենք հրաշքների, կարող է նման բան պատահել, բայց այս պարագայում ինչ որ տեղի է ունեցել մինչև այսօր, մենք հրաշք չենք տեսել։ Մեր և հունաց տարբերությունն այն է, որ իրենք միշտ հայտարարում են, որ Աստված լույսը հունաց պատրիարքին է տալիս, կանթեղն ու մոմերը վառում է, և իրենց համար դա հրաշք է, որ կատարվում է։ Բայց իրականում, ես ասացի, որ եթե այդպիսի բան լիներ, ես էլ պիտի տեսնեի։ Հրաշքն այս դեպքում անհատական չէր կարող լինել։ Եթե այդ հրաշքը պատահում է ամեն տարի, ինչպես պնդում են հույները, այդ դեպքում ինչու այդ արարողությունը Քրիստոսի գերեզմանի մուտքի մոտ չենք անում, որ բոլորը տեսնեն։ Ինչո՞ւ ծածուկ անել, տարբեր բաներ ասել և թաքցնել ճշմարտությունը։ Ես ընդամենը դա եմ ասել, որ ամեն տարի հրաշք չի պատահում։ Դրանից էլ իրենք սկսեցին նեղանալ»,- ներկայացրեց նա։ Դիտարկմանը, որ հույներն ավելի շատ միստիկ բաների վրա՞ են շեշտը դնում, Հայր Սամուելը նշեց. «Գուցե նման բաներ լինում են, բայց իրենք ասում են, որ ամեն տարի երկնքից լույս է իջնում և վառում կանթեղը։ Մինչդեռ, մենք և հույները մեր մոմերը վառում ենք վառված կանթեղից, որը դրված է գերեզմանի վրա։ Մեր արարողությունը իր մեջ միստիկ բան ունի, որը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը»։ Նա հավաստիացրեց, որ այդ միջադեպն անցել է, հույներն ասել են, որ հայերի հետ վիճաբանության մեջ չեն։ Անդրադառնալով Երուսաղեմում պարբերաբար հայերի և հույների միջև տեղի ունեցող միջադեպերին, նա ասաց, որ այո, նման բաներ պատահում են. «Հայերի և հույների միջև պարբերաբար անհամաձայնություններ են լինում։ Այո, երբեմն պատահում է, և կարող է պատահել, երբ հայերն ու հույները համաձայն չեն լինում արարողության ձևին»։ Հիշեցնենք, որ վիճաբանությունը տեղի է ունեցել հայ և հույն եկեղեցականների միջև Տիրոջ գերեզմանի տաճարում «հրաշափառ կրակի» իջնելու մասին ռեպորտաժի նկարահանման ժամանակ: Երբ Սամուել Աղոյանն ասել է, որ հրաշք չի կատարվում, հույն հոգևորականը պահանջել է անջատել տեսախցիկը և ասել է, որ հայ քահանան ստում է։