Շիրակի մարզի ատամնաբույժները հրաժարվում են աշխատել էլեկտրոնային առողջապահական համակարգով

Շիրակի մարզի ատամնաբույժները հրաժարվում են աշխատել էլեկտրոնային առողջապահական համակարգով

Այսօր Շիրակի մարզի ատամնաբույժները, ովքեր դեմ են էլեկտրոնային առողջապահական համակարգով աշխատելուն, հանդիպելու են առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ։ Ստոմատոլոգները լսելու են նախարարության ներկայացուցչին և ներկայացնելու են խնդրի լուծման իրենց տարբերակները։ Հիշեցնեք, որ Շիրակի մարզի ատամնաբույժները երկու օր բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք գրավոր դիմումներ էին ներկայացրել ՀՀ կառավարություն՝ վարչապետին և առողջապահության նախարարին՝ տեղեկացնելով, որ իրենք չեն պատրաստվում աշխատել նոր համակարգով և չեն աշխատելու, քանի դեռ համապատասխան պայմաններ չեն ապահովվել։ Հիշեցնենք, որ մարտի 6-ից ՀՀ առողջապահական համակարգը անցում է կատարել էլեկտրոնային առողջապահական համակարգի։ Մարտի 6-ից սկսած ՀՀ բոլոր բուժհաստատությունները կանչերի, հիվանդներին սպասարկելուց, բուժելուց պարտադիր պետք է նրանց տվյալները և հիվանդության վերաբերյալ գրանցում իրականացնեն միասնական էլեկտրոնային համակարգում։ Էլեկտրոնային առողջապահական համակարգի միասնական օպերատորը՝ «Արմեդ» ընկերությունն է, որը յուրաքանչյուր բուժաշխատողից իր ամեն այցելուի համար գանձում է 30 դրամ։ Հիշեցնենք՝ էլեկտրոնային առողջապահական համակարգը նախատեսված է կառավարության անցած տարվա օգոստոսի 24-ի որոշմամբ։ Ըստ նախարարության՝ համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրս գրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, մի կողմից, թույլ կտա ավտոմատացնել և դյուրացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը և թղթային գրանցումները, բժշկին ապահովել քաղաքացու հիվանդության պատմության առցանց հասանելիությունը, իսկ մյուս կողմից` ՀՀ քաղաքացիներին տրամադրել բժշկական հաստատություններ այցերի առցանց պլանավորումը, ինչպես նաև սեփական հիվանդության պատմության դիտման հնարավորությունը: Այս նորամուծությունը, սակայն, միանշանակ չի ընդունվել բուժաշխատողների կողմից։ «Մենք միանշանակ չենք աշխատելու այս համակարգով՝ մարզում ոչ մեկ չի էլ աշխատում։ Ինչ ուզում են անեն։ Իմաստը ո՞րն է, որ ես իմ գրպանից 250 հազար դրամ հատկացնեմ, որ կառվարությունը իմ գործունեությունը հսկի։ Դրա մեջ լոգիկա չկա։ Ուզում են, թող իրենք ֆինանսավորեն՝ աշխատենք այդ համակարգով։ Եթե իրենց պետք է դա, թող ծախսերը վերցնեն իրենց վրա՝ աշխատենք։ Թե չէ, էնպես է ստացվում, որ մենք մեր ձեռքով իրենց հնարավորություն ենք տալիս մեզ հսկելու։ Նամանավադ՝ մեր գործունեությունը դրանից չի շահելու»,- ասաց Մխիթարյանը։ Մեր զրուցակիցը նշեց, որ Շիրակի մարզի ոչ մի բուժաշխատող էլ համաձայն չէ աշխատել էլեկտրոնային առողջապահական համակարգով, սակայն բոլորն էլ սպասում են՝ տեսնեն թե ատամնաբույժները ինչպես են խնդիրը լուծում, որպեսզի հետևեն նրանց։ Նշենք, որ կառավարության որոշմանը չհետևելու համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Մխիթարյանն ասաց, որ առաջին անգամվա համար 50 հազար դրամ տուգանք է, ապա հաջորդ երկու խախտումների համար ևս 50-հազարական տուգանք, բայց անգամ դա չի կարող իրենց ստիպել, որ աշխատեն նոր համակարգով։ «Նախ, իրենք չեն էլ կարող բոլորիս միանգամից տուգանել։ Եվ հետո, անգամ եթե տուգանեն էլ՝ մենք չենք աշխատի այս համակարգով։ Թող Շիրակի մարզին իրենք տրամադրեն այդ համակարգիչները, պայմանագրերով տան մեզ, ինչպես նաև սուբսիդավորեն մեր բիզնես վարկերը, որպեսզի մենք կարողանանք համակարգին միանալ, կամ ինչ-որ ձև կոմպեսացվի այդ համակարգի պատճառով մեր կրած վնասը։ Էդ համակարգին միանալու համար մեզ լրացուցիչ աշխատող է պետք, որին մոտ 100 հազար դրամ պետք է վճարենք, դրան էլ գումարվի 47 հազար սոցվճարը արդեն կդառնա 150 հազար։ Ես համոզված եմ, որ այս ամենը լրիվ այլ նպատակ է հետապնդում՝ փոխել մեր հարկման տեսակը։ Ամբողջ խնդիրը դա է»,- եզրափակեց Մխիթարյանը։