Գուցե դա Դուգինի երազանքն է, որևէ մեկը չի պատրաստվում մի թիզ հող հանձնել. Իսագուլյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ պետք չէ լուրջ վերաբերել ռուս ազգայնական գործիչ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար  Ալեքսանդր Դուգինի այն հայտարարությանը, որ կա 5 շրջանների փոխանցման մասին պայմանագիր. «Գուցե դա Դուգինի երազանքն է, մենք գիտենք Դուգինի քաղաքական հիմնական գիծը՝ Ռուսաստան-Թուրքիա մերձեցմեն հետ կապված։ Չեմ կարծում, որ իմաստ ունի անդրադառնալ այն մարդկանց հայտարարություններին, որոնք որոշումներ կայացնելու կամ որոշումների վրա ազդելու որևէ  հնարավորություն չունեն։ Թող Դուգինն ասի, բայց մենք շատ լավ գիտենք, որ այդ տարածքներից ոչ մի թիզ հող որևէ մեկը չի պատրաստվում հանձնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իսագուլյանը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ մեզ համար կարևոր է, թե բանակցությունների ընթացքի ժամանակ ինչ է տեղի ունենում Արցախի ներքին կյանքում. «Այսօր Արցախն արձանագրում է ցուցանիշներ, որոնք աշխարհի մակարդակով շատ բարձր են։ Ինձ համար կարևոր չէ, թե բանակցող կողմերն ինչ են քննարկում, ինձ համար կարևոր է, թե այսօր Արցախում ինչ է կատարվում»,- եզրափակեց նա։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։