Կարևոր է՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ չխոչընդոտեց Բակո Սահակյանի մուտքն այդ երկիր. Սուրեն Սարգսյան

«Միացյալ Նահանգները չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, բայց կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Միացյալ Նահանգներում կա Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն։ Եվ երկրորդ՝ Միացյալ Նահանգները որևէ կերպ չի խոչընդոտել Բակո Սահակյանի այցը, նրան տրամադրվել է մուտքի արտոնագիր, պատվիրակությանը՝ ևս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Սուրեն Սարգսյանը նշում է՝ այցը պատմական է այն առումով, որ շատ վաղուց Վաշինգտոնում չի եղել Լեռնային Ղարաբաղի նախագահը, նման մի այց եղել է Արկադի Ղուկասյանի ժամանակ. «Բակո Սահակյանը եղել է Լոս Անջելեսում, մասնակցել մարաթոններին։ Շատ կարևոր է, որ հիմա Բակո Սահակյանը հանդիպելու է գիտական, այսպես կոչված՝ ուղեղային կենտրոնների հետ։ Սա լրացուցիչ միջոց է Սպիտակ տանն ու պետդեպին ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։ Գիտեք, որ ուղեղային կենտրոնները լուրջ ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքականության ձևավորման վրա և այս առումով՝ ուղիղ, առաջին ձեռք ինֆորմացիա ստանալը հենց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներից, շատ կարևոր է»: Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հարցազրույցին, որը նվիրված է Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Սուրեն Սարգսյանն այս հոդվածը կարևոր է համարում. «Էվանսը շատ լուրջ ու կարևոր շեշտադրումներ է անում, և կարծում եմ՝ ամերիկյան հասարակության համար շատ ճիշտ շեշտադրումներով ներկայացրել էր և՛ պատմական, և՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, և որ ամենակարևորն է՝ իրականությունը շատ ճիշտ էր գնահատել»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։