«Օրենքով գող» Լոտու Գուլին սկսել է թշնամիների որսը

«Օրենքով գող» Լոտու Գուլին սկսել է թշնամիների որսը

Թուրքիայում Նադիր Սալիֆովի վրա մահափորձի պատմությունը, կարծես թե, հետևանքներ է ունեցել Ռուսաստանում։ Ազդեցիկ «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլին) ակտիվ հարձակում է սկսել իր ընդդիմախոսների վրա։ Օրենքով գող Ռովշան Ջանիևի (սպանվել է Ստամբուլում 2016 թվականին) Մոսկվայում բնակվող ազգական Զաուրը պաշարողական դրության մեջ է հայտնվել և գրեթե դուրս չի գալիս փողոց։ Իսկ մեկ այլ «քրեական գեներալ»՝ Ալի Հեյդարովը (Ալբերտ Ռիժի), Գուլիի ջանքերի շնորհիվ իր պատիժը կկրի ոչ որպես «օրենքով գող»։ Պարզվում է, որ Թուրքիայում Գուլիի վրա մահափորձի պատմությունը տեղափոխվել է Ռուսաստան։ 2017 թվականի աշնանը Ստամբուլում գանգստերների խումբ է ձերբակալվել, որոնց թվում է եղել Ռովշան Լյանկորանսկիի եղբայրը՝ Նամիկ Ջանիևը։ Նրանց ձերբակալել են այն պահին, երբ նրանք պատրաստվում էին զենքով ներխուժել Գուլիի առանձնատներից մեկը և սպանել այնտեղ բոլորին՝ ներառյալ հենց Սալիֆովին։ Այս օպերացիայի գաղափարական ոգեշնչողն ու ֆինանսական հովանավորը Ռովշանի բարեկամ Զաուրն էր, ով հիմա փաստորեն ղեկավարում է մահացած «օրենքով գողի» գործերը։ Գուլիից ուզում էին վրեժ լուծել, քանի որ կարծում էին, որ նա կապ ունի Ռովշան Ջանիևի սպանության հետ։ Այս իրավիճակում բավական հետաքրքիր է Սալիֆովի դիրքորոշումը։ Նա ոչ միայն պաշտոնապես հրաժարվեց իրեն տուժող ճանաչել, այլ նաև հայտարարեց, որ չի հավատում, թե ձերբակալվածներն իրոք ցանկացել են իրեն սպանել և, որ նրանց նկատմամբ առանձնապես պահանջներ չունի։ Արդյունքում բոլորին բաց թողեցին։ Ասում են, թե վերջին շաբաթներին Գուլիի մարդիկ հերթապահում են Կալուգյան մայրուղու հսկայական շուկայի մոտ. այնտեղ է գտնվում Զաուրի գրասենյակը, նա վերահսկում է ֆինանսական մի շարք հոսքեր։ Գանգստերները բռնում են Զաուրի հսկողության տակ գտնվող առևտրականներին, և ուժով հասկացնում նրանց, որ փողերը նրանք պետք է միայն Գուլիին վճարեն։ Խնդրում են նաև բարևներ հաղորդել Զաուրին։ Վերջինս հիմա փաստացի պաշարված իրավիճակում է գտնվում, քանի որ ամեն րոպե իր վրա մահափորձի է սպասում։ Սալիֆովը չի մոռացել նաև իր մեկ այլ ընդդիմախոսի՝ Ալի Հեյդարովի մասին։ Երբ նրան Սանկտ–Պետերբուրգում ձերբակալել էին, քննչական մեկուսարանում «քսիֆ» ստացան, որ Ալբերտ Ռիժին «օրենքով գող է»։ Ավելի ուշ նա ազատազրկվեց վեց տարով։ Երբ Ալբերտ Ռիժին արդեն բանտում էր, այնտեղ անձամբ Գուլին է զանգահարում և հայտարարում, որ Հեյդարովի գողական կարգավիճակը կասեցվել է, այդ պատճառով նա պետք է նստի ոչ որպես «գող»։ Վերջերս «գողերի» մի ամբողջ խումբ այս հարցով կապվել է Գուլիի հետ։ Նրանք ցանկացել են, որ Գուլին համաձայնի վերականգնել Ալբերտ Ռիժիի «գողական» կարգավիճակը և որ համապատասխան լուր ուղարկի բանտ։ Սակայն Սալիֆովը անդրդվելի է եղել։ Նա հայտարարել է, որ Հեյդարովը միանշանակ «գող» չէ և կարող է իր դիրքորոշումը հիմնավորել անձամբ Ռիժիին, ինչպես նաև «օրենքով գողերին» գողական հավաքի ժամանակ՝ Ալբերտի ազատումից հետո։