Պատերազմի թափառող ուրվականը. նոր զեկույցի հետքերով

Պատերազմի թափառող ուրվականը. նոր զեկույցի հետքերով

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը (Stockholm International Peace Research Institute, SIPRI) երկուշաբթի օրը հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը: Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից: SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել: Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը: Ադրբեջանի ներկրած զենքի ծավալները շատ ավելի մեծ են և կազմում են համաշխարհային ներկրման 1․3 տոկոսը: Ադրբեջանի զենքի ներկրման ծավալները 2013-2017-ին 55 տոկոսով ավելի են 2008-12-ի համեմատ: Հրապարակված թվերն ինքնին խոսուն են և վկայում են մեր տարածաշրջանի սրընթաց միլիտարիզացիայի մասին, ընդ որում` Ռուսաստանի գործուն մասնակցությամբ և դերակատարությամբ: Հատկապես 2013թ-ից Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, ինչի վկայությունն է փորձագիտական հեղինակավոր վերլուծությունը. հենց այդ թվից է Բաքուն շեշտակիորեն ավելացրել սպառազինության մատակարարումները: Դժվար չէ նկատել ուղղակի կապ դրանց ավելացման և Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության միջև: Անգամ անցյալ տարվա ցուցանիշները վկայում են, որ Հայաստանը 4-5 անգամ ավելի քիչ սպառազինություն է ներկրել, քան Ադրբեջանը: Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունն ավելի դիվերսիֆիկացված է` ի տարբերություն Հայաստանի, որը 100%-ով կախված է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրից: Սա օբյեկտիվ իրականություն է, որը, մի կողմից, բացահայտում է, որ Հայաստանի տնտեսությունը չի կարողանում դիմանալ սպառազինությունների մրցավազքին, մյուս կողմից` ինդիկատոր է, որը ցույց է տալիս Հայաստանի տոտալ կախվածությունը Մոսկվայից: Եթե իրավիճակը դիտարկենք գլոբալ զարգացումների համատեքստում, ապա պատկերն ավելի մտահոգիչ է դառնում, որովհետև Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ և սանկցիաներով սպառնում է բոլոր այն երկրներին, որոնք էական ռազմական գործարքներ կիրականացնեն Մոսկվայի հետ: Սակայն ավելի մտահոգիչ է այն հանգամանքը, որ տարածաշրջանում կուտակվում է ահռելի քանակությամբ զենք, որը մի օր անխուսափելիորեն կրակելու է: