Նիկոլ Փաշինյանը «նախկին կյանքում» էր ռադիկալ, հիմա այդպիսին չէ. ի՞նչ սպասել Ազատության հրապարակում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելը կարելի է դիտարկել զուտ բարոյական հարթության տիրույթում։ «Պահանջն օրինական չէ։ Ժողովուրդը ձայն է տվել իշխող կուսակցությանը, ու այժմ ՀՀԿ-ն ինքն է որոշում, թե ով է լինելու վարչապետը։ Զուտ իրավական առումով խնդիր չկա։ Արտախորհրդարանական ու խորհրդարանական ուժերը պետք է խնդիրը փորձեն բարձրացնել բարոյական հարթության մեջ ու չգիտեմ, թե ինչքանով կհաջողեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր այն հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը կարող է դրդել ռադիկալ գործողությունների, Կարեն Քոչարյանն արձագանքեց. «Խնդիրը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը չէ, «Սասնա ծռերի» գործողության ժամանակ՝ հուլիս ամսին, նման բան չկար։ Օրինակ՝ «Ժառանգությունը» երբեք ռադիկալ չի եղել, Նիկոլ Փաշինյանը «նախկին կյանքում» ռադիկալ էր, իսկ վերջին շրջանում ռադիկալություն չի դրսևորել, կարծում եմ, նա դրան դեմ է, «Ելք»-ի մյուս անդամներնը՝ առավել ևս։ Խնդիրն այն է, թե որ հատվածն է ռադիկալ, որը՝ ոչ»։ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ՝ հասարակությունն այսօր անվստահություն ունի քաղաքական դաշտի նկատմամբ և դժվար է ասել, թե արդյոք Սարգսյանի վարչապետությունը կարող է փողոց դուրս գալու առիթ լինել. «Առաջին անգամ Սարգսյանի վարչապետության ազդակը ստացա այն ժամանակ, երբ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ դրեց Անվտանգության խորհրդի կազմը, որտեղ կար առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Այդ պահից սկսած պարզ է՝ ՀՀԿ-ն ապրիլի 9-ից գնում է Սերժ Սարգսյանի վարչապետության, իսկ առաջին փոխվարչապետ՝ Կարեն Կարապետյան»։