Սերժ Սարգսյանը խանգարե՞լ է Արոնյանին. Ինչու հայ գրոսմայստերի խաղը չի ստացվում

Սերժ Սարգսյանը խանգարե՞լ է Արոնյանին. Ինչու հայ գրոսմայստերի խաղը չի ստացվում

Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում 3-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 1 միավորով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կիսում է 6-7-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը կես միավորով եզրափակում է ամերիկացի Ուեսլի Սոն: Այս պահին հայ գրոսմայստերը, որը բուքմեյքերների կողմից մրցաշարի գլխավոր ֆավորիտն էր համարվում, 1.5 միավորով զիջում է միանձնյա առաջատար ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: 2-ական միավոր ունեն ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Ռուսաստանցի մեկ այլ գրոսմայստեր՝ Ալեքսանդր Գրիշչուկն ու չինացի Դին Լիրենն ունեն 1.5-ական միավոր: Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց Լիրենի հետ, իսկ երկրորդ տուրում սև խաղաքարերով միավորը կիսեց Մամեդյարովի հետ: Երեկ տեղի ունեցած երրորդ տուրում Արոնյանը, սպիտակ ֆիգուրներով ցուցադրելով բավական թույլ խաղ, զիջեց Կրամնիկին: Արդեն սկզբնախաղում Կրամնիկը տիրեց նախաձեռնությանը, իսկ միջնախաղում մեր գրոսմայստերը մանկական սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով էլ պարտիան տանուլ տվեց: Առաջնությանը հետևող փորձագետները շտապում են կարծիք հայտնել, որ Արոնյանն անճանաչելի է դարձել: Նշվում է, որ հայ գրոսմայստերը չի կարողանում կենտրոնանալ և տեսնել դեպի հաղթանակը տանող քայլերը: Թույլ մեկնարկի պատճառը, ըստ մասնագետների, հոգեբանական է: «Հավակնորդների մրցաշարերում Արոնյանը, որպես կանոն, հուզվածության պատճառով ձախողվում է: Լինելով մեծ շախմատիստ՝ Արոնյանը չի կարողանում թոթափել լարվածությունն ու ցուցադրել իր խաղը: Այս անգամ լարվածությունն ու պատասխանատվությունն ավելի մեծ են: Արոնյանը ամիսներ առաջ հաղթող դարձավ աշխարհի գավաթի խաղարկությունում: Հայ գրոսմայստերը երկրպագուների քանակով գերազանցում է հավակնորդների մրցաշարի մյուս բոլոր մասնակիցներին: Միլիոնավոր հայեր հաղթանակ են ակնկալում Արոնյանից: Ավելին, մրցաշարի բացման արարողությանը ներկա էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն առաջին քայլը կատարեց Արոնյան-Լիրեն մրցավեճում: Կարծում եմ՝ նախագահի ներկայությունն էլ իր հերթին հոգեբանական առումով խանգարել է Արոնյանին: Հայ գրոսմայստերը պետք է արթնանա և կորցրածը ետ բերի առաջիկա պարտիաներում: Ես արդեն նշել էի, որ Լևոնը կարևորագույն մրցաշարի հաղթողի կոչման իրական հավակնորդ է: Նշել էի նաև, որ հավակնորդների նախորդ մրցաշարերում Արոնյանին «քաշել էր» նյարդային համակարգի թուլությունը: Ինտրիգը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Արոնյանը առաջիկա պարտիաներում զսպել էմոցիաները և խաղալ այնպես, ինչպես խաղում է գերմրցաշարերում: Եթե նա գոնե խաղա իր հնարավորությունների սահմանում, կարծում եմ՝ կնվաճի հաղթողի կոչումը»,- ասել է շախմատային վերլուծաբան, գրոսմայստեր Սերգեյ Շիպովը: Լևոն Արոնյանի շուրջ այս մրցաշարում ուշադրությունն իսկապես բավական մեծ է: Բոլորս սպասում ենք, որ տիտղոսակիր հայ շախմատիստը իրավունք կստանա վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը: Հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունից հետո պատասխանելով Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես գրեթե վստահ եմ՝ եթե Լևոնն այստեղ հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սա միանշանակ է»: Ինչևէ, այսօր մրցաշարի մասնակիցները հանգստանում են, իսկ վաղը կկայանա 4-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Սերգեյ Կարյակինի հետ: Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տվել են ռուս գրոսմայստերին՝ վերջինիս հաղթանակի համար սահմանելով 4.3 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 1.55, իսկ Արոնյանի հաղթանակը՝ 5.7 գործակցով: Վաղը կկայանան նաև Գրիշչուկ-Լիրեն, Կրամնիկ-Կարուանա և Մամեդյարով-Սո պարտիաները: 3-րդ տուրից հետո բուքմեյքերները կարծում են, որ մրցաշարում հաղթող կդառնա Կրամնիկը: Նրա հաղթանակը գնահատված է ընդամենը 3 գործակցով: Կարուանայի հաղթանակի գործակիցը 4.5 է, իսկ Մամեդյարովի հաղթանակի համար սահմանված է 5 գործակից: Արոնյանի հաղթող դառնալու գործակիցը զգալիորեն բարձրանալով՝ դարձել է 9-ը: Բեռլինյան մրցաշարի մեկնարկից առաջ Արոնյանի հաղթանակի համար սահմանված էր 4.75 գործակից: Այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում էր Կարյակինը՝ 5.5 գործակցով: Բուքմեյքերները 6 գործակից էին սահմանել Կարաունայի և Կրամնիկի հաղթանակի համար: Մամեդյարովի և Սոյի հաղթանակի գործակիցն էլ 6.5 էր: Բուքմեյքերները քիչ հավանական էին համարում Լիրենի և Գրիշչուկի հաղթանակը՝ սահմանելով 11 գործակից: Այս պահին 11 գործակցով է գնահատված Կարյակինի հաղթանակը: Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից: Մասնակիցներն ունեն 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: