Մարտի 1-ից 10 օր անց. Մխիթարյանն ու Օբամեյանգը՝ անձրևից հետո…

Մարտի 1-ից 10 օր անց. Մխիթարյանն ու Օբամեյանգը՝ անձրևից հետո…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալի» խոշոր հաշվով հաղթանակը «Ուոտֆորդի» նկատմամբ որոշակի ոգևորություն է առաջացրել երկրպագուների շարքերում: Անհաջող ելույթներից հետո «Արսենալի» ֆանատները երես են թեքել թիմից, և շատերը բոյկոտում են լոնդոնյան թիմի տնային հանդիպումները: Վերջին խաղում ևս «Էմիրեյթս» մարզադաշտում շատ էին ազատ տեղերը: «Ինչ խոսք, հաղթանակից հետո ոգևորված ենք: Միևնույն ժամանակ անհանգստացած եմ, որ մարզադաշտում շատ էին ազատ տեղերը: Ցանկանում եմ, որ մեր երկրպագուները աջակցեն մեզ և երջանիկ լինեն: Ամեն դեպքում երկրպագուների բոյկոտն ունի իր բացատրությունը: Այն, ինչ եղավ անցյալ շաբաթ, մղձավանջ էր, և պետք է հասկանալ երկրպագուներին: Մեր աշխատանքի կարևորագույն կողմերից մեկն այն է, որ կարողանանք երկրպագուներին թիմի կողքին պահել: Մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար, և մենք կարող ենք դա անել: Վերջին շրջանում «Արսենալի» շուրջ նեգատիվը շատ է: Ստեղծված իրավիճակը կարելի է համեմատել Անգլիայում տեղացող անձրևների հետ: Բոլորին է հայտնի, որ Լոնդոնում շատ հեշտ է հայտնվել ուժեղ անձրևի տակ և թրջվել: Ես պրոֆեսիոնալ եմ և չեմ ցանկանում խոսել բացասական երևույթների մասին: Ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա: Կարծում եմ, որ 22 տարվա ընթացքում ապացուցել եմ, որ կարող եմ թիմին դուրս բերել դժվար իրավիճակներից»,- հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Հաղթանակից հետո սոցիալական ցանցերում «Ուոտֆորդի» հետ մրցավեճը որակվել է որպես վերածննդի խաղ: «Մխիթարյանն ու Օբամեյանգը վերջապես ասացին իրենց խոսքը: Հզոր այս զույգը կդառնա մեր հաղթաթուղթը: Հայ ֆուտբոլիստը դեռևս «Միլանի» հետ մրցավեճում ապացուցել էր, որ գտել է իր տեղը թիմում: Մխիթարյանի շնորհիվ Օբամեյանգը սկսեց խաղալ»,- թվիթերյան իր էջում գրել է @DannyKX-ը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգը բրիտանական մամուլի կողմից քննադատության էր ենթարկվել: Մարտի 1-ին «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից հետո անդրադառնալով հայ-գաբոնյան խաղային զույգի հասցեին հնչած մեղադրանքներին՝ Վենգերն ասել էր. «Այս ֆուտբոլիստներին ժամանակ է հարկավոր ադապտացվելու և ռիթմի մեջ մտնելու համար: Վստահ եմ, որ նրանք ջանք ու եռանդ չեն խնայում դաշտում և ամեն ինչ անում են թիմին օգնելու համար: Այո, վերջին հանդիպումներում մենք պարտվում ենք, և այդ պարտությունների հետևանքով էլ մեծանում է ճնշումը նրանց վրա: Պետք չէ ժամանակից առաջ ընկնել և հրապարակային հայտարարություններ անել: Հասկանալ է պետք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը նոր են միացել մեզ, և ես վստահ եմ, որ նրանք դեռ կասեն իրենց խոսքը: Հանգիստ թողեք նրանց, և ամեն ինչ նորմալ կլինի: Ավելորդ ճնշումը էլ ավելի կվնասի թե՛ ֆուտբոլիստներին և թե՛ ակումբին»: Փաստորեն, մարտի 1-ից ընդամենը 10 օր անց Վենգերի կանխատեսումը Մխիթարյանի և Օբամեյանգի վերաբերյալ դարձավ իրականություն: Օբամեյանգը, գտնելով իր տեղը խաղադաշտում, սպասում է Մխիթարյանի փոխանցումներին: Հայ ֆուտբոլիստը վերջին հանդիպումներում անհամեմատ ավելի շատ է տեղաշարժվում և ավելի ազատ է գործում: Մխիթարյան-Օբամեյանգ խաղային զույգի արդյունավետ գործողություններին նպաստում է նաև Օզիլը: Այս ֆուտբոլիստը սուր և կրեատիվ փոխանցումներով ստիպում է թե՛ Մխիթարյանին և թե՛ Օբամեյանգին մնալ խաղի ռիթմի մեջ: Կարծում ենք՝ պարզ է, որ Մխիթարյանն ու Օզիլը կամ, ինչպես հաճախ ասվում է, երկու 10 համարները կարող են միաժամանակ լինել խաղադաշտում և արդյունավետ գործողություններով օգնել թիմին: «Ուոտֆորդի» հետ հանդիպումից հետո բրիտանացի փորձագետները հիշատակել են Մխիթարյանի վիճակագրական տվյալները «Արսենալում»: Կարճ ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը կատարել է 6 գոլային փոխանցում և դարձել երկու գոլի հեղինակ: Համեմատական կարգով նշվում է նաև «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված չիլիացի Ալեքսիս Սանչեսի ցուցանիշը: Եվ այսպես. Անգլիայի Պրեմիեր լիգայում վերջին 8 խաղերում Մխիթարյանը 5 գոլային փոխանցում է կատարել և խփել 2 գոլ: Սանչեսը 2 փոխանցում է կատարել և մեկ գոլ վերջին 9 խաղերում: «Յունայթեդի» կազմում Սանչեսը խփել է մեկ գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ Մխիթարյանի և Սանչեսի տեղափոխությունից զգալիորեն շահել է «Արսենալը»: Ինչևէ, 30-րդ տուրից հետո Արսեն Վենգերի թիմը 48 միավորով շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում՝ 8 միավորով զիջելով լավագույն հնգյակը եզրափակող «Չելսիին»: «Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 15-ին՝ «Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում մրցելով «Միլանի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Միլանում տեղի ունեցած խաղն ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ «Արսենալի»: