88-ի շարժում-30. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը

88-ի շարժում-30. Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բացակայությունը

Երեկ Ստեփանակերտում տպավորիչ հանրահավաք-երթով նշանավորեցին արցախյան շարժման 30-րդ տարեդարձը: Ստեփանակերտի զանգվածային միջոցառումը առաջնորդում էին ԼՂՀ գործող և երկրորդ նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Օրվա խորհրդի արժևորման ու ԼՂՀ պատմության ամբողջական ընկալման տեսանկյունից տեղին կլիներ նաև ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Ստեփանակերտում: Բայց այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանն իրեն առհասարակ մեկուսացրել է այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում Հայաստանում և դրա շուրջ: Ամիսներ շարունակ Քոչարյանը և նրա գրասենյակը չեն արձագանքել Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող որևէ իրադարձության: Օրեր առաջ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը տեղեկացրել էր, որ երկրորդ նախագահը բացակայում է հանրապետությունից: Ռոբերտ Քոչարյանն` իր քաղաքական կարիերայով, պարտական է 88-ի համազգային շարժմանը, որի շնորհիվ պրովինցիալ գործարանի պարտկոմը հայտնվեց Արցախի, ապա Հայաստանի քաղաքական կյանքի օլիմպոսում: Սակայն Քոչարյանի գործունեության հատկապես հայաստանյան հատվածն ուղղված էր հենց 88-ի արժեքների, այն նպատակների ու երազանքների դեմ, որ շարժման տարիներին ձևավորվեցին Ազատության հրապարակում: Գուցե Քոչարյանի վարքագիծը կոնկրետ դրսևորում է ոչ այնքան 88-ի, որքան` դրա հետ ասոցացվող գաղափարների, իդեալների հետ: 88-ի ֆենոմենը դրա համաժողովրդականությունն էր, հասարակության առանցքային դերը քաղաքական օրակարգի և որոշումների կայացման գործընթացում: Ռոբերտ Քոչարյանի իշխանության կայացումը թե Ղարաբաղում, թե Հայաստանում կայացել է ժողովրդի կամքին հակառակ` ընտրողների ազատությունների և իրավունքների հաշվին: Քոչարյանի արժեքային համակարգի հիմքում ավտորիտար մտածողությունն է և, բնական, նույնիսկ օրինաչափ է նրա մերժողական, արհամարհական վերաբերմունքը 88-ի շարժման ու ցանկացած գործընթացի հանդեպ, որտեղ հիմնական դերը վերապահված է ժողովրդին: Հեղափոխության նկատմամբ «գենետիկ» վախ ունի նաև Սերժ Սարգսյանը, որովհետև 2008-ին նրա նախագահությունն կայացել է, ըստ էության, հեղափոխությունն արյան մեջ խեղդելու հետևանքով: 88-ը, իր ոճով, բովանդակությամբ, դասական հեղափոխություն էր և պատահական չէ, որ Հայաստանում պետական մակարդակով չի արժևորվում համազգային շարժման 30-րդ տարեդարձը: Իշխանության վերնախավում, ամենայն հավանականությամբ, վախեր կան, որ հեղափոխության հետ ասոցացվող անգամ պատմական իրադարձության արժևորումը Հայաստանում կարող է հանրային նոր զարթոնքի ազդակ դառնալ: