Որևէ մեկի մտքով չանցնի թե մարդ արարածին կդնեն մամլիչի տակ ու մինչև վերջ կսեղմեն, ընդվզում կլինի

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը կարծում է, որ Տարոն Մարգարյանի «հրահանգով», «քսի տալով» «Երկիր Ծիրանի»-ի կանանց վրա, հարձակվողները իրենց հաշիվ չէին տալիս, թե մինչև ինչ աստիճան են հարձակվում, քանի որ ակնհայտ է, որ այդտեղ կար նաև սեռական ոտնձգություն։ Թամար Հովհաննիսյանի խոսքերով՝ ամեն ինչ հասել է մի կետի, երբ մինչև ծայրահեղ մեթոդ չես ընտրում, խոսքդ չի լսվում։ «Հուսանք, որ նախագահացու Արմեն Սարգսյանը կտեսնի դա և, եթե պատկերացում չունի, կիմանա, թե ուր են իրեն հրավիրել և հատկապես ովքեր են իրեն հրավիրողները։ Չնայած, ինձ թվում է՝ շատ լավ գիտի, որովհետև այդ նույն մարդկանց դեսպանն է եղել, նրանց գործերի կառավարիչն է եղել Լոնդոնում և հիմա նախապես բեմադրված այցելություններ է կատարում որոշ վայրեր և հիպնոզ անողի նման փամփլիկ ձեռքերով և վարդագույն դեմքով հանգիստ ժպիտով ասում է՝ կամաց խոսեք և այլն, վերջապես կհասկանա, որ այստեղ այդ մթնոլորտը չի, այդ պահվածքն անհեթեթ է»,- շեշտեց նա։ Թամար Հովհաննիսյանը չբացառեց, որ գուցե արտախորհրդարանական ուժերը միավորվեն ընդվզման համար։ «Կլինի ինքնաբուխ, թե մարդիկ կսկսեն համագործակցել, թե դա կլինի խոշոր աշխարհաքաղաքական անցուդարձերի հետևանքով, անհոգ եղեք, կլինի, այլապես իրենք էդքան չէին վախենա՝ երկու կին մոտենում են քո սեղանին, պարոն Տարոն։ Գալիս է մի պահ, երբ սկսում է ամեն ինչ ավելի վատանալ, դա հենց լավանալն է, դուք տեսաք՝ երիտասարդները միջադեպից հետո ինքնաբուխ ինչ արեցին։ Որևէ մեկի մտքով չանցնի, թե մարդ արարածներին կարելի է դնել մամլիչի տակ ու սեղմել մինչև վերջ, չի լինում այդպիսի բան»։ Մանրամասները՝ տեսանյութում։