Քաղաքական դեժավյու` առանց ելքի

Քաղաքական դեժավյու` առանց ելքի

Այսօր ԱԺ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք վարչապետի սեփական թեկնածու են ունենալու: Խոսելով վարչապետի ընտրությունից՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք երկու կարևոր շեշտադրում ունեն՝ հանրապետականի թեկնածուների լավ-վատ լինելուց բացի: «Նախ՝ Սերժ Սարգսյանն իր հայտարարության և քաղաքականության սկզբունքների բերումով պետք է չլինի վարչապետ, և երկրորդ հարցը՝ մենք ի՞նչ ենք ասում ընտրությունների վերաբերյալ: 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները ձևավորվել են ընտրակաշառքի համատարած բաժանման պայմաններում: Եթե կա որևէ մեկը, որ այդ մասին չգիտի, խնդրում եմ՝ ասեք, ես ձեզ ապացույցներ կբերեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մինչև «Ելք» դաշինքի ձևավորումը` 2016-ի աշնանը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն նման փորձ արել է: Այն օրերին, երբ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու, քաղաքական իմաստով այդ քայլն որոշակիորեն մոտիվացված էր. առջևում Ազգային ժողովի ընտրություններ էին, և կուսակցությունն որոշել էր հասարակությանը ներկայանալ վարչապետի սեփական թեկնածուի դեմքով: Այլ խնդիր է, որ հասարակությունը լուրջ չվերաբերվեց Փաշինյանի իշխանական հայտին, ինչի հետևանքով քաղաքական այդ ակցիան արժեզրկվեց կիսադատարկ Ազատության հրապարակում: Հիմա «Ելք»-ի թեկնածուն, ըստ ամենայնի, դարձյալ լինելու է Նիկոլ Փաշինյանը, սակայն այս պահին վարչապետական հավակնությունն առհասարակ ադեկվատ չէ այն քաղաքական ստատուս-քվոյին, որը հաստատվել է երկրում: Նախ` «Ելք»-ը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցել իշխանություն ձևավորելու հայտով, նույնիսկ հասարակությանը չի ներկայացրել վարչապետի սեփական թեկնածուին: Այսօր Փաշինյանը, ըստ էության, կասկածի տակ է դրել խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը` ակնարկելով, թե նման մեծամասնությունը վարչապետ ընտրելու, առավել ևս` այդ պաշտոնում Սերժ Սարգսյանին ընտրելու իրավունք չունի: Այս պարագայում` տրամաբանական չէ «Ելք»-ի հետընտրական վարքագիծը, որով ոչ միայն լեգիտիմացվեց գործող խորհրդարանը, այլև` նոր իշխանություն ձևավորելու ՀՀԿ-ի իրավունքը: Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հակադրվում է այն ստատուս-քվոյին, որի մաս է հանդիսանում նաև «Ելք»-ը: Սակայն անհասկանալի է, թե այս պարագայում ինչ խնդիր է լուծում «Ելք»-ը: Վարչապետի սեփական թեկնածու ունենալը ոչ մի կերպ չի խոչընդոտում Սերժ Սարգսյանի պլանների իրագործմանը, դեռ ավելին` մրցակցության պատրանքը քաղաքական հարթության վրա նույնիսկ լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի վարչապետությունը: Եթե «Ելք» դաշինքը մտադիր է փոխել ստատուս-քվոն, ապա ճիշտ կլինի հասարակությանը ներկայացնել ոչ թե վարչապետի սեփական թեկնածու, այլ հեղափոխություն անելու ծրագիր: Սակայն այսօրվա համատեքստում դա գործնականում անհնար է, որովհետև «Ելք»-ին չի հաջողվել խարխլել անգամ իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսենսուսի հիմքերը: Հասարակությունն այսօր «մարսել» է Սերժ Սարգսյանի վարչապետությունը. նրա հեռացման պահանջը` առանց կոնկրետ քաղաքական օրակարգի և գործողությունների, ընդամենը կոնսոլիդացնելու է համակարգը քաղաքական և հանրային դիմադրության բացակայության ֆոնին: