Կայսերական Ռուսաստանը կանհետանա. Հայաստանը կստանա իր հնարավորությունը

Կայսերական Ռուսաստանը կանհետանա. Հայաստանը կստանա իր հնարավորությունը

Հայաստանի համար շատ դժվար է ազատվել «կայսերական Ռուսաստանի գրկախառնությունից», բայց դա հնարավոր է: Վաշինգտոնի Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մոտակա 10-20 տարիների ընթացքում լուրջ փոփոխություններ կլինեն Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները Մոսկվայում ուշքի կգան և կհասկանան, որ Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունն աղետալի է եղել: Եվ այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա ավելի ազատ արտաքին քաղաքականություն իրականացնել: - Պարոն Հերբսթ, քանի որ եղել եք ԱՄՆ-ի դեսպանը նախկին խորհրդային մի քանի երկրներում, հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք Եվրասիական տնտեսական միության մասին: Ո՞րն է այս կառույցը ձևավորելու Ռուսաստանի ռազմավարական նպատակը, և ունի՞ արդյոք այս նախագիծը ապագա, թե՞ ոչ: - Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական միությունը շատ անհաջող նախագիծ է ոչ միայն Հայաստանի կամ Ղազախստանի, Բելառուսի, այլև Ռուսաստանի համար: Չինաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թայվանը ցույց տվեցին, որ բարեկեցիկ երկիր դառնալու ճանապարհը գլոբալ տնտեսությանն ամբողջությամբ ինտեգրվելն է, գլոբալ տնտեսության մեջ մրցակցային դառնալը: Սա է բարգավաճման հասնելու ուղին: Հաջողության բանաձև չէ միավորելը երկրներին, որոնք տեխնոլոգիապես զարգացած չեն, առաջադեմ չեն: Սա ապագա ձախողման բանաձև է, հետևաբար, ես Եվրասիական տնտեսական միությունը համարում եմ քաղաքական նախագիծ` պատված տնտեսական հախճասալիկով: Ռուսաստանը կարող է կրկին հզոր երկիր դառնալ այն դեպքում, եթե ազատություն տա ռուս մեծ ժողովրդին, որոնք գիտական մեծ նվաճումների են հասել մաթեմատիկայի ոլորտում, և զարգացնի իր տնտեսությունը, որտեղ անհատ ձեռնարկատերերը կկարողանան հաջողության հասնել: Սա է Ռուսաստանի հզորության ճանապարհը: Այս իմաստով սա նաև Հայաստանի հզորության ճանապարհն է: - Բայց կարծում եք՝ Հայաստանը ամեն դեպքում կմնա՞ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում կամ տարածությունում, թե՞ կարող է փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը: - Կարծում եմ՝ աշխարհաքաղաքական տարածության կոնցեպտը մինչ օրս էլ իրական է, բայց դա օգտակար չէ երկրի զարգացմանը: Չինաստանը ուժեղ և հզոր պետություն դարձավ ոչ թե այն պատճառով, որ ունի աշխարհաքաղաքական ազդեցության գոտի, այլ որովհետև թույլ տվեց իր ժողովրդին բարգավաճել գլոբալ տնտեսության մեջ: Եթե Ռուսաստանը փորձում է ինչ-որ ձևով վերականգնել ռուսական կայսրությունը, ապա նրանք չեն ունենա ժամանակակից տնտեսություն: Ռուսաստանը ժամանակի ընթացքում կդառնա աղքատ և թույլ պետություն: Բայց ես չեմ սպասում նման զարգացման: Կարծում եմ, որ ինչ-որ պահի՝ 5 կամ 10 տարի անց, ղեկավարները Մոսկվայում ուշքի կգան և կհասկանան, որ վերջին 10 տարիներին իրենց վարած քաղաքականությունն աղետալի է: Հասկանում եմ, որ Հայաստանի համար շատ դժվար է ազատվել կայսերական Ռուսաստանի գրկախառնությունից: Բայց դա հնարավոր է: Կայսերական Ռուսաստանն ինչ-որ պահի կանհետանա, որովհետև կայսրության վերացումը բխում է Ռուսաստանի ժողովրդի շահերից: - Իսկ Հայաստանն ունի՞ այլընտրանք: - Եթե Վրաստանը կարողացավ անկախ քաղաքականություն հետապնդել, Հայաստանն էլ կարող է նույնը անել: - Բայց չէ՞ որ Վրաստանը Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով կորցրեց տարածքներ: Նրանք վճարեցին իրենց տարածքներով: - Այո, նրանք վճարեցին, բայց ամեն դեպքում ունեն ինքնիշխանություն այն տարածքներում, որոնք իրենք վերահսկում են: - Իհարկե, չեմ կարծում, որ Հայաստանը մոտ ապագայում նման կտրուկ շրջադարձ կանի, բայց եթե Հայաստանը փորձի փոխել իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, կունենա՞ նման կորուստներ: - Ինձ թվում է, որ եթե Հայաստանը ընտրություն կատարի, ի զորու է այսօրվա քաղաքականությունից տարբեր տնտեսական և աշխարհաքաղաքական կուրս հետապնդել: - Որոշ փորձագետներ Հայաստանում կարծում են, որ իրական ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում կսկսվի միայն այն ժամանակ, եթե փոփոխություն լինի Մոսկվայում, փոխվի այն վարչակարգը, որն ազդում է Հայաստանում քաղաքական գործընթացների վրա, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային միությունը փլուզվեց, և սկսվեցին ժողովրդավարացման գործընթացները նախկին խորհրդային հանրապետություններում: - Կարծում եմ, որ մենք կտեսնենք փոփոխություն Ռուսաստանի քաղաքականության մեջ առաջիկա 20 տարիների ընթացքում, և այդ դեպքում Հայաստանն ազատ կլինի ավելի խելացի քաղաքականություն իրականացնել, այնպիսի քաղաքականություն, որը կբերի երկրի բարգավաճման: Բայց Հայաստանը կարող է սա իրականացնել նույնիսկ այսօր՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց առերեսվել է Կրեմլը, և նվազեցնել ռիսկերն իր համար: Հարցազրույցի առաջին մասը կարդացեք այս հղումով: