Փաստաբանները դիմել են նախագահին քաղաքացիական դատավարության օրենսգրքի փաթեթը ԱԺ վերադարձնելու խնդրանքով

Փաստաբանները դիմել են նախագահին քաղաքացիական դատավարության օրենսգրքի փաթեթը ԱԺ վերադարձնելու խնդրանքով

Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով ՀՀ Ազգային ժողով վերադարձնելու և քննարկում պահանջելու խնդրանքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից: «Փաստաբանները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը: Նախաձեռնող խումբը բազմիցս իր մտահոգությունն արտահայտել է փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարաններին փաստաբանների նկատմամբ նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում փաստաբանության ինստիտուտի անկախության և փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա՝ դառնալով փաստաբանների վրա ճնշումներ գործադրելու առիթ և միջոց»,- ասված է դիմումում: Դիմելով ՀՀ Նախագահին՝ փաստաբանները խնդրում են Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: