Վերադարձ «մահացած» ակունքներին․ Փիար քայլը չօգնեց և ցույց տվեց, որ ՕԵԿ-ը վարկաբեկված կուսակցություն է

Վերադարձ «մահացած» ակունքներին․ Փիար քայլը չօգնեց և ցույց տվեց, որ ՕԵԿ-ը վարկաբեկված կուսակցություն է

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։ Հաղորդագրության մեջ նշված է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը, և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը: Բացի այդ, նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով: Ինչո՞ւ նորից վերադարձ ակունքներին, երբ առաջիկայում չկան նաև ընտրական գործընթացներ: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ փորձն արվեց՝ չստացվեց, սա ավելի ճիշտ է, իսկ արդյունավետությունը կտեսնենք առաջիկայում: «Մենք երբեք՝ հիմա էլ, նախկինում էլ, միայն ընտրությունից ընտրություն չենք աշխատել: Մենք այստեղ այդ խնդիրը չենք ունեցել և չունենք: Որոշակի քաղաքական դադար էր վերցված, իսկ հիմա նորմալ աշխատանքը կլինի այն տարբերակներով, որոնք մենք նպատակահարմար ենք գտնում»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Դիտարկմանը՝ «Հայկական վերածնունդ»-ը, ըստ էության, ձախողված նախագիծ էր, Մհեր Շահգելդյանը չհամաձայնեց. «Ո՛չ, մենք ունեինք համախմբելու նպատակ, բայց այդ նպատակն այդ տարբերակով և այդ չափերով չստացվեց, որը մենք պատկերացնում էինք: Բայց հիմա էլ գտնում ենք, որ խոսքը ձախողման մասին չէ, համենայնդեպս՝ համախմբվեցինք, «Հայկական վերածնունդը» Վանաձորում, Գյումրիում 20 տոկոս ձայն հավաքեց և այլն: Այնպես որ, խոսքը ձախողման մասին չէ, խոսքը այն մասին է, որ այն չափով, այն տեսլականը, որ մենք ունեինք, և որը մենք առաջադրել էինք, և որի շուրջ նաև հարյուրից ավելի կուսակցություններ և ՀԿ-ներ հավաքվեցին, դա իրականություն չդարձավ»,- ասաց նա: Անհրաժեշտության դեպքում կուսակցության կողմից կլինեն հայտարարություններ, կլինեն դիրքորոշումների ներկայացումներ: Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենց ակտիվությունը կբարձրանա: Հարցին՝ հնարավո՞ր է ընտրություններում ձախողումը պայմանավորված է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանակոչմամբ, զրուցակիցս չհամաձայնեց, որ ընտրություններում ձախողվել է ՀՎԿ-ն: «Ես չեմ կարծում և դա չեմ համարում ձախողում, մենք չանցանք, բայց հավաքեցինք 60.000-ից ավելի ձայն, և ըստ էության ԱԺ չանցած կուսակցություններից ամենամեծ ձայների քանակն ենք հավաքել»,- ասաց նա: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ թեև չանցան խորհրդարան, բայց սա ձախողում չէ, կան լավ գաղափարներ, մոտեցումներ, երկու խոշոր քաղաքներում՝ Երևանից հետո, ունեցան ֆրակցիաներ, բայց այն, որ չանցան, վերլուծել են, և հետո էլ վերլուծություններ կլինեն. ժամանակը կգա, այդ ամեն ինչի մասին շատ ավելի հստակ կխոսեն: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպման առաջարկ դեռ չի եղել: Առաջարկություն եթե լինի, կուսակցությունը կքննարկի: Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը, անդրադառնալով ՀԿՎ-ի՝ ՕԵԿ-ին միանալուն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Երբ ՕԵԿ-ը վերանվանվեց ՀՎԿ, հավանաբար նրանց ղեկավարները մտածում էին, որ ամբողջ խնդիրը, որ իրենք հեղինակազրկված են, կուսակցության անվան հետ է կապված: Եվ իրենց թվաց, որ եթե կուսակցությունն անվանափոխվեր, ապա վարկաբեկվածությունը «Օրինաց երկիր» անվան հետ կգնար կկորչեր, և իրենք նոր կուսակցությունով հանդես կգան և որոշակի դերակատարում կունենան: Բայց քաղաքական այս փիար քայլը չօգնեց կուսակցության ղեկավարներին և ցույց տվեց, որ կարող են իրենց կուսակցությանը ցանկացած անունով կոչել, բայց վարկաբեկված է ոչ միայն կուսակցության անունը, այլ նաև գործիչները»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ որքան էլ անունը փոխես, նրանք մնալու են «Օրինաց երկիր», դրա համար վերադառնում են իրենց նախկին անվանմանը, ինչը, բնականաբար, ոչինչ չի տալու, քանի որ դա արդեն մահացած կուսակցություն է, ինչպես շատ կուսակցություններ: Ընտրությունների ինստիտուտը, նրա խոսքով, Հայաստանում վերջնականապես մահացել է 2017-ի ապրիլի երկուսին: Դրանից հետո եթե կուսակցությունը անվանափոխում է կատարում, կարող է տեղ ունենալ ՏԻՄ-ում, ավագանիում, բայց տեղ կունենա ոչ թե նրա համար, որ անվանվեց «Օրինաց երկիր», այլ ամենայն հավանականությամբ նախագահից կստանա քվոտաներ: Դա իշխանության համար խնդիր չի: Լուսանկարը՝ Photolure-ի