Հետևողականորեն անցնում ենք խորհրդարանական կառավարման. Աշոտյանը՝ Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին

Հետևողականորեն անցնում ենք խորհրդարանական կառավարման. Աշոտյանը՝ Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 14-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թամար Խուլորդավայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, հայ և վրացի գործընկերներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև կապերի ամրապնդմանն ու փոխգործակցության ակտիվացմանը, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակում: Անդրադառնալով Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնմանը՝ կողմերը կարևորել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, այս համատեքստում եվրոպական ինտեգրման ուղղությամբ աշխատանքներում Վրաստանի հետ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է գործընկեր պետությունների հետ եվրամերձեցման գործընթացում առավել ակտիվ փոխգործակցությունը: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ համաձայնագիրը Հայաստան-Եվրոպա դիվանագիտական ջանքերի արդյունք է և հույս հայտնել, որ այս հաջողության պատմությունն իր դրական ազդեցությունը կունենա նաև Արևելյան գործընկերության երկրների հետ փոխգործակցության խթանման գործում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանրային ներգրավվածության միջոցով խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի կիրառման հարցերին: Անդրադառնալով երկու երկրներում իրականացված սահմանադրական բարեփոխումներին՝ Արմեն Աշոտյանը, նշելով, որ Հայաստանը հետևողականորեն անցում է կատարում խորհրդարանական կառավարման, կարևորել է խորհրդարանական ժողովրդավարական հասարակության կերտման համատեքստում փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների խորհրդարանների համագործակցության ներկա փուլում օրակարգային է ԵՄ ինտեգրման, խորհրդարանական վերահսկողության և խորհրդարանական դիվանագիտության հարցերի շուրջ փորձի փոխանակումը: Արմեն Աշոտյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում առավել սերտ փոխգործակցության վերաբերյալ: