Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու Գրիշա Վիրաբյանը վաղը կառերեսվեն

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու Գրիշա Վիրաբյանը վաղը կառերեսվեն

2004 թվականին ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանի խոշտանգման գործով վաղը առերեսում տեղի կունենա Գրիշա Վիրաբյանի և Երևանի նախկին ոստիկանապետ, այժմ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող Աշոտ Կարապետյանի միջև։ Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց Վիրաբյանը։ Նշենք, որ մենք նախօրեին գրել էինք, որ խոշտանգման փաստով հարուցված քրեական գործի քննությունը ավարտվել է և գործն ուղարկվել դատախազություն, որպեսզի հաստատվի մեղադրական եզրակացությունը։ Դատախազությունը, սակայն, համարել է, որ նախաքննությունը թերի է իրականացվել, և գործը հետ  է ուղարկել և պահանջել առերեսում իրականացնել Աշոտ Կարապետյանի ու Վիրաբյանի միջև։ «Շատ հանկարծակի եղավ այս որոշումը և ինձ համար շատ անսպասելի։ Ինձ զանգեցին և տեղեկացրեցին, որ դատախազությունը պահանջում է առերեսում իրականացնել»,- ասաց Վիրաբյանը։ Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականին ակտիվորեն մասնակցել է բողոքի զանգվածային ակցիաներին, ինչի պատճառով նրան նույն թվականին կանչել էին ոստիկանության Արտաշատի բաժին: Ըստ Վիրաբյանի ցուցմունքների՝ այդ օրը ոստիկանությունում մի քանի ոստիկան, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, խոշտանգել են իրեն: Աշոտ Կարապետյանը, ըստ Եվրոպական դատարանի վճռում մեջբերված Գրիշա Վիրաբյանի պնդումների, մետաղյա իրով խփել է իրեն, ապա ձեռնաշղթաներ են հագցրել, և Կարապետյանը շարունակել է հարվածել և խփել Գրիշա Վիրաբյանի գոտկատեղից ներքև: Վիրաբյանի գործով Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց Վիրաբյանին որպես փոխհատուցում վճարել 31 հազար եվրո՝ խախտված համարելով նրա իրավունքները: ՄԻԵԴ-ը նաև նշել էր, որ «տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի էական խախտում այն իմաստով, որ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման, պետական մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդման առնչությամբ»: «Ես պատրաստվում եմ առերեսման ժամանակ նշել ամբողջ կատարվածը։ Ես կրկնելու եմ այն, ինչ ասել եմ 2004 թվականին։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ես այն ժամանակ էլ իմ բոլոր ցուցմունքներում նշել եմ բոլոր ոստիկանների անունները, ովքեր ինձ խոշտանգելուց հետո իմ վրա ջուր են լցրել, ապա տեսնելով, որ վատացել եմ, ձեռնաշղթաներս թուլացրել են և օգնել են, որ պառկեմ հատակին։ Այդ ոստիկաններն են Ռոմիկ Հարությունյանը, Մանվել Բաղդասարյանը, բայց իրենք վախենում են հաստատել փաստը, որ ինձ օգնել են, քանի որ դրանով հաստատելու են փաստը, որ ինձ ձեռնաշղթաներ են հագցրել Աշոտ Կարապետյանի հրահանգով, և որ  խոշտանգումից հետո ես վատացել եմ»,- այսօր մեզ հետ զրույցում ընդգծեց Վիրաբյանը՝ հավելելով, որ այս ամենից հետո, երբ անգամ ՄԻԵԴ վճռում հստակ արձանագրվել է Աշոտ Կարապետյանի անունը, ՀՀ իշխանությունները նրան վերցրեցին իրենց հովանավորության տակ, բարձր պաշտոններ և գեներալի կոչում տվեցին։ «Բայց իրենք հիմա ստիպված կլինեն ասել, թե ինչ հիմքերով են էդպես վարվել»,- եզրափակեց Վիրաբյանը։ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ առերեսման մասին, որևէ ծանուցում չի ստացել։ «Ես վատառողջ եմ մի քիչ, տանն եմ ու տեղյակ չեմ ձեր նշածից»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ իրեն ոչ մի բան չի կաշկանդում։ «Եթե առերեսում է նախատեսված, ես պատրաստ եմ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե ինչ է պատրաստվում ասել՝ պատմելո՞ւ է, թե ինչպես է խոշտանգել Վիրաբյանին, Կարապետյանը պատասխանեց. «Կրկնում եմ՝ եթե այդ քննչական գործողությունը լինի, դուք էլ նախաքննությունից մանրամասներին կտեղեկանաք։ Ինձ ոչ մի բան չի կաշկանդում, պատրաստ եմ մասնակցել այդ առերեսմանը»։