2018-ը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի  կլինի․ Ռուբեն Սաֆրաստյան

2018-ը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի․ Ռուբեն Սաֆրաստյան

2018 թվականը Կովկասի տարածաշրջանի համար անորոշության տարի կլինի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կանխատեսում արեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ դեռևս անորոշ է, թե աշխարհն ինչ արագությամբ և դեպի ուր է շարժվում: Խոսելով աշխարհում կատարվող դրական իրադարձություններից՝ Սաֆրաստյանն անդրադարձավ Կորեաների միջև վերջին ժամանակներս տեղի ունեցող երկխոսությանը: «Հարավային Կորեան համաձայնվել է 2.5 մլրդից ավելի վճարել Հյուսիսային Կորեային՝ Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության հետ կապված, և կողմերը կարծես որոշակի կոնսենսուս են գտնում»,- ասաց նա: Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ բանախոսը նշեց, որ նկատվում են կարմիր գծերին հետևելու միտումներ: «Սիրիական գործընթացում ներգրավված կողմերը փորձում են այդ գծերը չխախտել: ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունները վկայում են, որ ԱՄՆ-ը նախկին սրությամբ չի դնում Սիրիայի նախագահ Ասադի հեռացումը, քանի որ հասկացել է, որ առանց Ասադի հնարավոր չէ Սիրիայում խաղաղ գործընթաց պահպանել»,-նշեց նա: Ռուբեն Սաֆրաստյանը սիրիական հակամարտության լուծման ճանապարհին բավական բարդություններ է տեսնում, սակայն հաշվի առնելով Չինաստանի, Հնդկաստանի ու Ռուսաստանի կողմից արվող ներդրումային ծրագրերը, կարծես թե նշմարվում է սիրիական ճգնաժամի ավարտի տեսլականը: Խոսելով թուրք-սիրիական հարաբերություններից՝ արևելագետը նշեց, որ միայն վերջին ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 600 մարդ՝ հիմնականում այն անձինք, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով դժգոհություն են հայտնել երկրի կառավարությունից: «Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ 30 կմ խորությամբ մեռյալ գոտի է ստեղծելու թուրք-սիրական սահմանին»,-հավելեց բանախոսը: