«Եվրատեսիլ» երգի մրցույթը հրաշալի հարթակ է հանրության լայն շրջանակին ներկայանալու համար. «Նեմրա»

«Եվրատեսիլ» երգի մրցույթը հրաշալի հարթակ է հանրության լայն շրջանակին ներկայանալու համար. «Նեմրա»

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու ցանկություն հայտնած «Նեմրա» (Nemra) ալտերնատիվ ռոք խմբի անդամները կարծում են, որ այն ընդարձակ հարթակ է համաշխարհային հանրության առաջ ելույթ ունենալու համար: «Մրցույթին մասնակցելու որոշում կայացրեցինք մեր երկրպագուների շնորհիվ` տեսնելով նրանց հորդորող մեկնաբանությունները «Դեպի եվրատեսիլ» նախագծի հրապարակումների տակ: Հետաքրքրվելով նախագծի կանոններով` հասկացանք, որ կարող ենք հնչեցնել մեր սեփական երգը»,- փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Նեմրա» խմբի մեներգիչ Վանը: Խմբի «I’m a liar» (Ես ստախոս եմ) երգն անկեղծ երիտասարդի մասին է, ով խոստովանում է իր այդ թերությունը: Երգը հասցրել է սիրվել և մասսայականություն վայելել Հայաստանում: Վանը խոստովանեց, որ այն իրենց միակ գործն էր, որի տևողությունը համապատասխանում է նախագծի կանոններին: Խմբի անդամները ընդգծեցին, որ իրենք այնքան էլ չեն կարևորում շոու հասկացությունը` շեշտելով, որ խարիզմատիկ երգիչը, պարզապես բեմում կանգնած երգելով, կարող է իր կատարմամբ ու էներգիայով գրավել երաժշտասերներին, ինչպես հաճախ պատահել է «Եվրատեսիլի» պատմության ընթացքում: Եվրատեսիլի հայաստանյան փուլի առաջին կիսաեզրափակիչը կկայանա փետրվարի 19-ին, իսկ երկրորդ կիսաեզրափակիչը 22-ին, եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 25-ին, և պարզ կդառնա, թե ով է մեր երկիրը ներկայացնելու մրցույթում: