Եվրատեսիլն իմ վաղեմի գաղափարներն իրականացնելու հնարավորություն կարող է տալ. Գևորգ Հարությունյան

Եվրատեսիլն իմ վաղեմի գաղափարներն իրականացնելու հնարավորություն կարող է տալ. Գևորգ Հարությունյան

Երիտասարդ և խոստումնալից երգիչ Գևորգ Հարությունյանը 2005 թվականից հետևում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Նա հաճախ է իրեն պատկերացրել այդ բեմում: Եվրատեսիլյան հարթակում իր վաղեմի երազանքներն իրականացնելու նպատակով Գևորգը «Stand up» (Վեր կաց) երգով մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: «Նախորդ տարի մասնակցեցի այդ ծրագրին, բայց այս անգամ ավելի ոգևորված եմ, քանի որ ձևաչափը փոխվել է և հնարավորություն ունեմ կյանքի կոչել իմ գաղափարներից մեկը»,-փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց երգիչը: Նա շեշտեց, որ, հետևելով Եվրատեսիլին, եկել է այն եզրակացության, որ այդ մրցույթն անկանխատեսելի է: «Ամեն տարի խոսվում է ենթադրյալ ֆավորիտների մասին. նախորդ տարի նշում էին, որ Իտալիան է հաղթելու, քանի որ այդ երկրի ներկայացուցչի երգը վեց միլիոն դիտում ուներ, բայց դա կարևորություն չունեցավ: Ըստ իս` այդ մրցույթում էական է կենդանի լավ կատարումը, բեմադրությունը»,-ասաց նա: Գևորգ Հարությունյանի երգն այն մասին է, որ անկախ դժվարություններից, շրջապատող բացասական իրականությունից միշտ պետք է ոտքի կանգնել, պայքարել նպատակների իրականացման համար: Նա ընդգծեց, որ չի հոգնել իր երգից և դեռ հավատում է դրան: