Սերժ Սարգսյանի շրջափակումը ճեղքելու փորձը

Սերժ Սարգսյանի շրջափակումը ճեղքելու փորձը

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին: Զուտ բովանդակային առումով ուղերձը չի պարունակում անսպասելի տարրեր կամ առանձնահատուկ մեսիջներ, դրանում արձանագրվում է Արցախյան շարժման 30-ամյակի հանգամանքը, ազատության համար պայքարը ու թերևս նաև այն, որ Սարգսյանն իրեն չի առանձնացնում Արցախի ազատամարտիկների միությունից: Հետաքրքիր է ուղերձը ինքնին՝ նկատի առնելով այն ժամանակահատվածը, որում տեղի է ունենում համաժողովը: Խոսքը թե՛ Հայաստանում իշխանության խնդրի հանգուցալուծման վճռորոշ փուլի մասին է, թե՛ նաև արտաքին անվտանգային միջավայրում նոր թեժացումների, այդ թվում՝ Ադրբեջանում արտահերթ ընտրությունների նախաձեռնության: Սարգսյանի ուղերձը ըստ էության բուն նպատակով թերևս «գույքագրման» իմաստ ունի, այն առումով, որ նա մատնացույց է անում իշխանության խնդրում իր ռեսուրսները կամ գործիքակազմը: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը այս փուլում, վճռորոշ եզրագծում իրադարձություններին մասնակցում է բավականին սահմանափակ ռեսուրսներով: Խոշոր հաշվով, Սարգսյանը ներկայիս փուլում շրջապատված է կամ շրջափակման մեջ է՝ կապիտալի շրջափակման: Ըստ էության, նաև այդ հանգամանքն է նախագահի թեկնածության հարցում նրա որոշման հիմքում՝ ներգրավել խոշոր կապիտալի կրող նոր խաղացող՝ իրավիճակը բազմազանեցնելու և ըստ այդմ՝ կապիտալի պայմանավորվածության հնարավորությունը կամ հավանականությունը նվազեցնելու համար: Ըստ էության կան երեք խոշոր կենտրոններ՝ ռուսաստանահայ կապիտալը, ինչ-որ իմաստով Ռուսաստանի, այսպես ասած, պետական կորպորացիաների կապիտալը, Հայաստանի օլիգարխիան և նաև նոր ներգրավվող Արմեն Սարգսյանը ու նրա կապիտալի բազան, որը գուցե պայմանական, սակայն հնարավոր է անվանել կամ համարել արևմտյան: Սերժ Սարգսյանն այդ ռեսուրսում ոչ միայն առավելություն չունի, այլ նաև գտնվում է թերևս հետնապահ դիրքերում: Սարգսյանին անհրաժեշտ է այլընտրանքային ռեսուրս՝ կապիտալի շրջափակումը ճեղքելու համար: Արցախի ազատամարտիկների 7-րդ համաժողովին հղած ուղերձը գործնականում կապիտալի շրջափակման ճեղքման փորձ է, ռազմաքաղաքական ռեսուրս հակադրելու փորձ: Խոսքը իհարկե ուղղակի հակադրության մասին չէ, այլ պարզապես քաղաքական կշիռը բալանսավորելու, թեկուզ հոգեբանական իմաստով: Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ամենևին մենակ չէ ֆինանսատնտեսական կապիտալ ներկայացնող թևերի դիմաց: Դա առնվազն հոգեբանական ազդեցության վրա հաշվարկված քայլերի շարքից է, որի միջոցով Սարգսյանը փորձում է ներկայումս ապահովել իրեն «կաղ բադիկի» անխուսափելի ընկալումից, որքան էլ համակարգում խոսում են նրա անփոխարինելիության մասին: Ի վերջո, ապրիլի 9-ից 17-ը Սերժ Սարգսյանը չի լինելու նախագահ կամ վարչապետ, և ով գիտի, թե ինչ է հնարավոր անել մարդու և համակարգի հոգեբանության հետ ընդամենը 7 օրերի ընթացքում: Միևնույն ժամանակ, մեսիջն ուշագրավ է իր «պրոֆիլային» կոնտեքստում՝ անվտանգություն, որը Սերժ Սարգսյանի թերևս միակ խաղաքարտն է 2018-ի ապրիլին վարչապետի հավակնություն ունենալու և այն սպասարկելու մտադրության դեպքում: