Վենգերի փրկության ուղին. Մխիթարյանի վերադարձն ու պատմության կրկնությունը

Վենգերի փրկության ուղին. Մխիթարյանի վերադարձն ու պատմության կրկնությունը

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» վաղը կհյուրընկալվի շվեդական «Էսթերսունդին»: Դիմակայությունից առաջ անգլիական թիմը լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես, մոտ 6 շաբաթով շարքից դուրս է եկել կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լակազետը: «Արսենալի» նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգն էլ Եվրոպա լիգայում չի կարող ելույթ ունենալ ՈւԵՖԱ-ի կանոնադրության համաձայն: Այս պահին Արսեն Վենգերն ունի թերևս մեկ նոմինալ հարձակվող, որը կարող է օգնել թիմին շվեդական թիմի հետ երկու հանդիպումներում: Խոսքը Դենի Ուելբեքի մասին է, որը ամենայն հավանականությամբ վաղը կլինի մեկնարկային կազմում: Ըստ փորձագետների՝ «Արսենալը» վաղը կրկին հանդես կգա 4-3-2-1 մարտավարությամբ: Դարպասում կլինի Օսպինան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Մուստաֆին և Կոսելնին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական ու Ուիլշերը: Ենթահարձակվողի դիրքում կլինի Օզիլը, իսկ աջ եզրում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ձախ եզրում էլ հանդես կգա Իվոբին, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Ուելբեքը: Նշենք, որ «Արսենալի» առաջիկա մրցակիցը բավական հաջող է հանդես եկել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: J ենթախմբում «Էսթերսունդը» 6 խաղում տարել է 3 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և կրել ընդամենը մեկ պարտություն՝ հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջելով առաջին հորիզոնականը զբաղեցրած Բիլբաոյի «Ատլետիկին»: Վերջինս, ինչպես «Էսթերսունդը», վաստակել էր 11 միավոր, սակայն խմբում հաղթող է դարձել անձնական խաղերում ունեցած առավելության շնորհիվ: Խմբային փուլում մեկ պարտություն է կրել նաև «Արսենալը»՝ մրցակցի հարկի տակ 1:0 հաշվով զիջելով գերմանական «Քյոլնին»: Վերջինս, ի դեպ, խմբում զբաղեցրել էր միայն 3-րդ հորիզոնականը և դուրս մնացել հետագա պայքարից: «Արսենալի» երկրպագուները սպասում են, որ Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆում թիմի առանցքային խաղացողներից մեկը կլինի Հենրիխ Մխիթարյանը: Նա բավական հաջող էր հանդես եկել Եվրոպա լիգայի նախորդ խաղարկությունում և մեծապես նպաստել «Մանչեսթեր Յունայթեդի» հեղինակավոր մրցաշարի գավաթը նվաճելուն: 2016/2017 մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփել էր 11 գնդակ, որոնցից 6-ը՝ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ հայ ֆուտբոլիստը հաջող է խաղում միայն Եվրոպա լիգայում: Այս տարվա սկզբին էլ Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը կարևոր դերակատարում է ունեցել նշանակալի տիտղոսը նվաճելու գործում: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Անգլիա տեղափոխվելուց հետո Եվրոպա լիգան Մխիթարյանի համար ամենահաջող մրցաշարն է: Անցյալ տարի այս ժամանակահատվածում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում գտնվում էր 5-6 րդ հորիզոնականներում: Գիտակցելով, որ առաջնությունում լավագույն քառյակում տեղ զբաղեցնելն այնքան էլ հեշտ չի լինելու, Մոուրինյոն ներուժը կենտրոնացրեց Եվրոպա լիգայի վրա: Բացի տիտղոսից՝ այս մրցաշարում հաղթելը «Յունայթեդին» հնարավորություն տվեց մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Պատմությունը կրկնվում է, և այսօր նույն իրավիճակում «Արսենալն» է: Պրեմիեր լիգայում լոնդոնյան թիմը 6-րդ հորիզոնականում է գտնվում, և լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը բավական դժվար է լինելու: Նախօրեին Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Շվեդիայում խաղալու են մարտական կազմով: Արդեն իսկ պարզ է, որ Վենգերը ամեն ինչ անելու է Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու համար: Անցյալ տարի Եվրոպա լիգան Մոուրինյոյի համար փրկության միակ ուղին էր: Այս մրցաշարում ձախողվելու և Չեմպիոնների լիգայի խաղարկության մասնակցության իրավունք չնվաճելու դեպքում Մոուրինյոն դժվար թե շարունակեր աշխատանքը «Յունայթեդում»: Ըստ բրիտանական մամուլի՝ Վենգերի առջև խնդիր է դրված Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր ձեռք բերելը, ինչպես նաև Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության գավաթը նվաճելը: Պրեմիեր լիգայում լավագույն քառյակից դուրս մնալու և Եվրոպա լիգայում ձախողվելու դեպքում Վենգերն ամենայն հավանականությամբ պաշտոնանկ կարվի: Արդեն իսկ խոսվում է ամռանը «Արսենալի» ղեկը իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին վստահելու մասին: «Էսթերսունդի» հետ դիմակայությունը Մխիթարյանի համար լավ հնարավորություն է վերադարձը Եվրոպա լիգա նշանավորելու տպավորիչ ելույթով: Վաղվա խաղում բուքմեյքերական ընկերությունները ֆավորիտ են համարում հյուրերին: «Արսենալի» հաղթանակը գնահատված է 1.5, ոչ-ոքին՝ 4.3, իսկ շվեդական թիմի հաղթանակը՝ 5.8 գործակցով: «Էսթերսունդ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: