Հայաստանը՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում. նամակ Վաշինգտոնից

Հայաստանը՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում. նամակ Վաշինգտոնից

ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից: Իրականություն դարձան այն կանխատեսումները, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները կարող են ավելի լայն աշխարհագրություն ստանալ և տարածվել մասնավորապես այն երկրների վրա, որոնք գործարքներ են կատարում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Սակայն ԱՄՆ դեսպանատան ծանուցումն, անշուշտ, ավելի գլոբալ համատեքստ ունի և ուղղակի հետևանքներ կարող է ունենալ ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բանն այն է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ավելի մեծ ծավալ ունի Ադրբեջանը, որը Մոսկվայի հետ կնքել է հինգ միլիարդ դոլարը գերազանցող պայմանագրեր, ու կասկածից վեր է, որ ԱՄՆ իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել նաև Ադրբեջանի իշխանություններին: Մոսկվան տարածաշրջանում իր առանցքային դերակատարությունը պահպանում է հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու ճանապարհով: Ըստ էության՝ Ռուսաստանը տարածաշրջանը միլիտարիզացնելու միջոցով իրականացնում է, այսպես կոչված, մենեջմենթ ԼՂ հակամարտության գործընթացում: Բնականաբար, նման իրավիճակը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, այլև իր մեջ պատերազմի վերսկսման մեծ ռիսկեր է պարունակում՝ ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին: Հատկապես այս լույսի ներքո Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ամերիկյան պատժամիջոցները ու դրա հնարավոր անդրադարձները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էական ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում՝ միլիտարիզացիայի աճը զսպելու, պատերազմի ռիսկերը փոքրացնելու և կարգավորման գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար: Սա նաև ուղերձ  է, որ ԼՂ հարցում շուտով կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ի ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության որոշակի երաշխիքների ստեղծմանը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հենքով: Մյուս կողմից՝ նոր իրավիճակը, ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգը, Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր սահմանափակումները մեր երկրի համար լրացուցիչ ռիսկեր և մարտահրավեր են ծնում, որովհետև Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, մեղմ ասած, դիվերսիֆիկացված չէ: Սա մի կողմից՝ ռուսական տոտալ ազդեցության հետևանք է, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը թույլ չի տալիս ակտիվություն ցուցաբերել այլ ուղղություններով: Ադրբեջանն այս առումով շատ ավելի շահեկան իրավիճակում է. չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն է Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը՝ Բաքուն ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն աշխարհագրություն ունի: Մյուս կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգն էապես սահմանափակում է պատերազմ սանձազերծելու Բաքվի հնարավորությունները՝ առնվազն քաղաքական հարթության վրա: Հայաստանի իշխանությունները պետք է շատ շրջահայաց լինեն և հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ մի կողմից՝ կարողանան խույս տալ ամերիկյան պատժամիջոցներից, մյուս կողմից՝ լուծեն անվտանգության կենսական խնդիրը՝ արտաքին քաղաքականության և ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացման ճանապարհով: Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը և մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներն իրենց խորքային հետևանքներն են ունենալու մեր տարածաշրջանում՝ ստեղծելով որակապես նոր իրավիճակ, որը Հայաստանի համար ծնում է նոր ռիսկեր, բայց նաև՝ հնարավորություններ: