Դիտողություն եմ արել Արմեն Սարգսյանին, նա իր սխալն ընդունել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ -Նախօրեին Արմեն Սարգսյանը հանդիպեց ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որից հետո ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, որտեղ նշեց, որ իր համար անհասկանալի է Արմեն Սարգսյանի դիրքորոշումը կոռուպցիայի, ընտրական գործընթացների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և շատ այլ խնդիրների վերաբերյալ։ Այդ մտահոգությունների շրջանակը կարո՞ղ է ՀԱԿ-ի համար արտախորհրդարանական պայքարի առնվազն մեկնարկի շատ նախնական ցանկություն դառնալ։ -Դրանք մեր դիրքորոշումներն են և կապ չունի՝ նախընտրական փուլ է, թե հետընտրական։ Արդեն 20 տարի քաղաքական այն ուժը, որը կազմակերպել է Ղարաբաղի ազատագրման քաղաքական ղեկավարությունը, նշում է խաղաղության գնալու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ դա այն ուժն է, որ այդ տարածքները ձեռք է բերել, բայց դա նաև այն ուժն է, որ ասում է, որ խաղաղությունն ամրագրելու համար պետք է գնաս խաղաղություն կնքելու։ Նույն կերպ են մտածում այն ադրբեջանցի քաղաքական իմ գործընկերները, որոնք այն ժամանակ եղել են խրամատի մյուս կողմում, իսկ հիմա գտնում են, որ մեր երկու ժողովուրդներին խաղաղություն է պետք, և երկու ժողովուրդները պետք է խաղաղություն պարտադրեն իրենց իշխանություններին։ Որովհետև և՛ մենք, և՛ ադրբեջանցի իմ գործընկերները հասկանում են, որ «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» իրավիճակը գործիք է իշխանությունների ձեռքին իշխանությունը պահելու համար։ Դա այնքան տրիվիալ է ու փորձված։ Ըստ էության, մենք 20 տարի նշում ենք, որ ամեն ինչ հարկավոր է անել արձանագրելու այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք։ Նախօրեին Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ էլ առաջին խնդիրը, որ մենք ներկայացրինք, ղարաբաղյան հարցի կարգավորումն էր։ Ընդ որում, քննարկում չի եղել, մենք ներկայացրել ենք մեր մոտեցումը։ -Ինչպե՞ս կարող ենք խաղաղություն պարտադրել Ադրբեջանին։ Ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր ծրագիրը կառուցված էր խաղաղության կոնցեպտի վրա, բայց դա հանրությանը մոբիլիզացնելու դերակատարություն չունեցավ։ -Ժողովուրդն ասում է՝ խելոք, համարձակ բաներ ասողի գլուխը ծակ է։ Մեզ չէր հետաքրքրում, որ բոլորը մեզ սիրեն մեր ասածների համար։ Քաղաքական գործիչն ասում է այն, ինչը համարում է ճիշտ, այդ պահի համար խիստ անհրաժեշտ։ Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ելույթից անցել է 1 տարի երեք ամիս, ոչինչ չի փոխվել, մենք էլի կրկնում ենք, որ Հայաստանի համար բանակցային այս գործընթացը պետք է արագացնել և ստորագրել եռանախագահության այն առաջարկները, որոնք 24 տարի բանակցելուց հետո դրված են սեղանին, և որին Հայաստանի բոլոր բանակցողները տվել են իրենց համաձայնությունը։ Իմ ասածը հետևյալն է՝ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը տվել են իրենց համաձայնությունը այդ բանակցությունների շրջանակում և դա պետք է ստորագրվի, որը եռանախագահների հետ համաձայնեցված է։ Մենք քննադատում ենք այն մոտեցումը, որ երբ դու քննարկում ես, գալիս ես ինչ-որ բանի համաձայնության, ձեռք ես սեղմում, եռանախագահներին ասում ես՝ այո, ես համաձայն եմ, հետ ես գալիս Բաքու կամ Երևան ու սկսում ես ճոռոմ-ճոռոմ հայտարարել, թե ոչ մի թիզ հող, Ազգ-բանակ, «Պատիվ ունեմ» և այլ փսիխոզային բաներ ներկայացնել, և քո չունեցած կոպեկից ամբողջը տալիս ես միլիտարիզացիայի, միլիարդավոր դոլարների պարտքեր ես կուտակում, այդ պարտքերի դիմաց վերցնում ես զենք ու տնտեսությունդ քանդում ես դրանով։ Այսինքն՝ այս գործընթացը նպատակ ունի երկարաձգելու իրենց իշխանության մնալը։ -Արդյո՞ք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ՀԱԿ-ի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումներում կա տարբերություն՝ հաշվի առնելով, որ այն ճանապարհը, որ որդեգրել է իշխանությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում էր։ -Ո՞ւր է այդ կարգավորման կամքը։ Այդ կամքի մեջ առաջին կետը, որը մատնանշում են նաև միջազգային կառույցները, առաջին հերթին եռանախագահությունը, այն է, որ ասում են՝ դու պետք է նախապատրաստես քո ժողովրդին խաղաղության։ Բոլոր քննարկումների ժամանակ դա ասվում է։ Եթե դու անկեղծ ես քո ձգտումների մեջ, որ գնում ես խաղաղության, ցույց տուր, որ ուզում ես գնալ։ -Բայց ասում են՝ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ -Շատ ճիշտ է, էլի պատրաստվիր, որքան հնարավոր է քո տնտեսությունն ուժեղացրու, քեզ միջազգային ստանդարտներին համապատասխան զենքի բաժինը տուր զենքին։ Դրա մասին չէ խոսքը, բայց երբ ասում են՝ եթե ուզում ես գնալ խաղաղության, քո հասարակությանը նախապատրաստիր խաղաղության։ Դրա առավելությունը պետք է ներկայացնես։ Այսօր Վիգեն Սարգսյանը, մնացածների գործունեությունը ամբողջապես այլ ուղղությամբ է գնում։ -Նկատի ունեք Ազգ-բանակ հայեցակա՞րգը, «Պատիվ ունեմ», «Ես եմ» և այլ նախագծե՞րը։ -Այո, իհարկե, այդ անհանդուրժողականությունը, կեղծ հերոսաբանությունը, ճոռոմաբանությունը, խորհրդարանում... դրանից զզվում էի ուղղակի, ու ինչքան բարձր, ինչքան հզոր հայհոյես թուրքին, այնքան մկանուտ ու պինդ տղա ես համարվում։ Այդպես կարող է անել հասարակ քաղաքացին, պոետը, բանաստեղծը, դերասանը, բայց քաղաքական գործիչը լրիվ ուրիշ գործով պետք է զբաղվի։ Իսկ այդ լրիվ ուրիշ գործը հետևյալն է՝ հասարակությանը պատրաստել արժանապատիվ խաղաղության և մատուցել ճիշտը, որ մենք ձեզ առաջարկում ենք տարբերակ, որին համաձայնություն ենք տվել 24 տարվա բանակցությունների արդյունքում, որն առաջարկում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որին համաձայնություն են տվել Ալիևն ու Սերժ Սարգսյանը։ Սա է խնդրի էությունը։ Երկու խաղ անելը սխալ է, մենք դա ենք ասում՝ կամ էս խնդիրը լուծեք, կամ եթե չեք կարողանում լուծել, զգում եք, որ պարտվել եք, խայտառակվել եք, մի կողմ գնացեք։ Եվ սա էր հիմնական հարցը, որ նաև Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն ենք ներկայացրել։ -Ցանկացած հանդիպման ժամանակ Ալիևը խոստումներ է տալիս, որ սահմանին լարվածությունը կթուլացնի, բայց որևէ պայմանավորվածություն չի պահում։ -Որտեղի՞ց գիտեք, ով է ասել, Սերժ Սարգսյա՞նն է ձեզ ասել։ Իսկ մերոնք պահե՞լ են պայմանավորվածությունները, վստա՞հ եք։ Սովորաբար ես երկկողմանի տեղեկատվություն եմ ունենում, դուք ունեք մի կողմի տեղեկատվությունը։ Բայց դա չի կարևորը։ Դուք հիմա փորձում եք մեղավոր գտնել մյուս կողմում, գուցե դա նորմալ է, բայց իմ մոտեցումը դա չի։ Ոչ թե անհաջողությունների համար ես փորձեմ գտնել պատասխանատուին ու մեղավորին, այլ եկեք խնդիրը լուծենք, որովհետև խնդրի չլուծումը Հայաստանը սպառում է։ -Արմեն Սարգսյանն ի՞նչ կարծիք ուներ այս խնդրի վերաբերյալ։ -Շատ չեմ կարող բացվել, բայց նա տեղյակ է ամբողջ հակամարտությանը։ Բայց այստեղ տխուրը այնքան էլ Արմեն Սարգսյանի մոտեցումը կամ դիրքորոշումը չի, ինքը ոչինչ չի կարող անել։ Այս համակարգի դեմ նա ոչինչ չի կարող անել․ -Իսկ ի՞նչ պետք է անել այս համակարգի դեմ։ -Խաղաղություն պարտադրել իշխանություններին, որովհետև այս գործընթացը, որի հետևանքով տարեկան 60 հազար մարդ արտագաղթում է, մեզ զարգացման չի տանում։ 15 տարի առաջ մենք ունեինք 4 մլրդ դոլարի ներդրում, որը աշխատատեղ էր, որը արտադրություն էր, որը զինվորի սապոգ ու զենք էր։ Այդ 4 միլիարդը հիմա դարձել է 120 մլն։ Այսինքն՝ տասնապատիկ անգամ Հայաստանի զարգացման տեմպերը հետ է ընկնում տարածաշրջանի զարգացման տեմպերից։ Խելոք մարդը սրանից պե՞տք է եզրակացություն անի, թե՞ ոչ։ 15 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել է բանակի ենթակա տարիքի 160 հազար տղա։ Մենք սրանից եզրակացություն պետք է անե՞նք, թե՞ ոչ։ Թե՞ Վիգեն Սարգսյանի՝ տերտերի շոր հագնելով, զինվորի խաչակնքելով բանակն ուժեղանում է։ Հո թատրոն չի՞, մասխարա են սրանք։ Այսպես բանակ չեն կարող պահել, բանակ պահելու միակ ձևը տնտեսությունն է, այլ ձև չկա աշխարհում։ Հիտլերն առաջ գնաց, որովհետև իր ամբողջ էկոնոմիկան դրեց զենքի տակ։ Ռուսները հաղթեցին պատերազմում, որովհետև ամբողջ Ուրալը, տնտեսական ամբողջ համակարգը շրջվեց զենք արտադրելու վրա։ Տնտեսությունն է, որ բանակ է պահում, որը զենք է արտադրում, իսկ զենք արտադրելու համար փող է պետք։ Էլի դու կարող ես քիչ, վատ, ուժեղ, շատ մանևրես, ոգի ցույց տաս, ատամ ցույց տաս, բայց տվյալ դեպքում, եթե Հայաստանն ընդդիմանալու է երեք գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կամքին, ներող կլինեք, ինձ համարեք վախկոտ ու հաշվենկատ, բայց անհեռանկար ու արկածախնդիր են այն քաղաքական ղեկավարները, որոնք կարող են մտածել, որ այս երեք գերտերություններին կարելի է ֆռռացնել։ Եթե Ռուսաստանը որոշեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համաձայնությամբ, որ այս խնդիրը պետք է լուծի, դու ո՞վ ես, որ այդ ծրագրին դեմ գնաս։ Դու պետք է գնաս այնպես, որ դրանից օգուտ քաղես։ Վերջին հաշվով, ղարաբաղյան հաջողությունները մենք ունեցել ենք մեծ քաղաքական խաղացողների համաձայնության կամ լռության, կամ աչք փակելու հաշվին։ Արաբական լիգայի բոլոր երկրները, մուսուլմանական երկրները այդ ողջ պատերազմի ժամանակ մի թթու բառ, մի թարս խոսք մեր շարժման մասին չեն ասել։ Պատերազմը հաղթում են դիվանագիտությամբ, զենք, որից հետո դիվանագիտություն։ Խելքով են հաղթում, ոչ թե ոտքով կամ ձեռքով։ Ոտքը, ձեռքը, գլուխը, դուխը, ամեն ինչ պետք է, բայց հենց դա պրծավ, գալիս է դիվանագիտությունը։ Մենք էնտեղ հաղթել ենք, էստեղ պարտվում ենք։ Ոչ թե այնտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, այստեղ Սերժ Սարգսյանը, ես այնքան կուզեի՝ Սերժ Սարգսյանը արձանագրեր այս հաղթանակը։ Շատ կուզեի, անկեղծ եմ ասում, որովհետև դա իմ կյանքի ամենալավ, իմաստալից տարիներն էին՝ շարժումը, Ղարաբաղը, պետականության ստեղծումը։ Շատ եմ ուզում, որ նա արձանագրի մեր հաղթանակը, բայց կամ խելքը չի հասնում, կամ ախորժակն է անսպառ, կամ թիմն է կրիմինալ, չի թողնում հարց լուծի։ Այսինքն՝ իմ մղումն անկեղծ է և այդ մղումով եմ ասում, որ պետք է գնալ խաղաղության։ Պետք է գնալ ռուսների, ամերիկացիների հետ խաղաղությունը կնքելու շահավետ պայմանների, որից դու կշահես։ Գիտե՞ք՝ քանի միլիարդի զենք եկավ Հայաստան այդ խնդիրը լուծելու համար, գիտե՞ք, որ այդ զենքի մի մասը եկել է Ադրբեջանի տարածքով։ Ո՞նց ենք արել, ոնց է կազմակերպվել, դե թող անեն։ -Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ եթե որոշի առաջադրվել, ապա լինելու է ոչ թե Երրորդ հանրապետության 4-րդ նախագահը, այլ 4-րդ հանրապետության առաջին նախագահը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։ -Ես իրեն ասել եմ, որ դա սխալ է, դիտողություն եմ արել և ինքն իր սխալն ընդունել է։ Հավատացնում եմ՝ շատ ընկերական եղավ խոսակցությունը, ինքն ընդունեց և ասաց, որ ինքն այդպես չի ուզեցել։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը դա ընկալեց, և այլևս չի կրկնվի դա։