Թիլերսոնը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը

Թիլերսոնը քննադատել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը

Աֆրինում թուրքական բանակի գործողությունները բացասաբար են ազդում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Խմբավորումը դեռևս մնում է լուրջ սպառնալիք, հավելել է նա։ Թուրքական գործողությունը սիրիական սահմանամերձ Աֆրին շրջանում բացասաբար է ազդում ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարի վրա։ Այս մասին Թիլերսոնը հայտարարել է Քուվեյթում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։ «Թուրքական գործողությունը վնաս է հասցրել Սիրիայի արևելքում ԴԱԻՇ-ի դեմ մեր պայքարին»,-հայտարարել է Թիլերսոնը։ Նա կոչ է արել կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա՝ հավելելով, որ Թուրքիան իրավունք ունի անցկացնելու հակաահաբեկչական գործողություններ իր սահմանին։ Ջիհադիստների դեմ խոշոր ռազմական գործողության ավարտը չի նշանակում, որ ԴԱԻՇ-ին «երկարաժամկետ պարտություն» է հասցվել, հայտարարել է Թիլերսոնը։ Նրա խոսքով՝ խմբավորումը լուրջ սպառնալիք է մնում տարածաշրջանի և աշխարհի այլ հատվածների համար։ Քուվեյթում քաղաքական միջոցառմանը զուգահեռ անցկացվում է Իրաքի վերականգնման հարցերով եռօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են 70 երկրների և ավելի քան 1500 մասնավոր ընկերությունների պատվիրակություններ։ Իրաքի տնտեսությունում միջոցների ներգրավման համար նախապատրաստվել են ավելի քան 200 նախագծեր։