Արևմուտքից մեկուսացած Թուրքիան ավելի վտանգավոր է դառնում ռեգիոնի համար

Արևմուտքից մեկուսացած Թուրքիան ավելի վտանգավոր է դառնում ռեգիոնի համար

Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած ճգնաժամը գնալով խորանում է: Եվ կրկին հիմնական պատճառը սիրիական քաղաքականության մեջ երկու դաշնակիցների տարաձայնություններն են և քրդական խնդիրը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, հայտարարել է, թե թուրք-ամերիկյան հարաբերությունները «կրիտիկական կետում են»: Քննադատելով ամերիկացի գործընկերներին Սիրիայի քրդերին աջակցելու համար՝ Չավուշօղլուն ասել է, թե կա՛մ Անկարան և Վաշինգտոնը կվերականգնեն հարաբերությունները, կա՛մ դրանք վերջնականապես կխզվեն: Թուրքագետ Լևոն Հովսեփյանը արձանագրում է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով գտնվում են վատթարագույն վիճակում, և կարելի է ասել՝ այս լարվածությունն աննախադեպ է: Սակայն մյուս կողմից մասնագետը չի կանխատեսում, թե Թուրքիան կտրուկ քայլեր կանի՝ խզելու կամ վերանայելու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները: Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը. «Վերջին տարիներին մենք պարբերաբար տեսնում ենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չկա: Ընդհակառակը, այս ճգնաժամը գնալով խորանում է: Եվ եթե Թուրքիայում որոշակի հույսեր էին կապում Թրամփի վարչակազմի հետ, որ նոր նախագահը կվերանայի Օբամայի քաղաքականությունը, ապա տեսանք, որ այս հարթության վրա էլ նախագահի փոփոխությունը որևէ բան չփոխեց թուրք-ամերիկյան հարաբերություններում: Կարծում եմ, որ առաջիկայում ևս չարժե սպասել դրական տեղաշարժ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Ինչպես այսօր Չավուշօղլուն, այնպես էլ նախկինում Էրդողանն էր փաստի առաջ կանգնեցնում Վաշինգտոնին վերջնագրային լեզվով՝ ասելով, թե ընտրություն կատարեք մեր և Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի («Սիրիայի ժողովրդավարական ուժերի», «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների») միջև: Այս իրավիճակը կպահպանվի, բայց նաև չեմ կարծում, որ Թուրքիան կտրուկ քայլեր կանի հարաբերությունների վերանայման ուղղությամբ: Բայց այս դիմակայությունը, ճգնաժամը դեռ երկար ժամանակ կուղեկցի թուրք-ամերիկյան հարաբերությունները»: Այսպիսով, մոտ ապագայում ոչ միայն չեն հարթվի քաղաքական խնդիրները Վաշինգտոնի և Անկարայի միջև, այլև կարող են խորանալ անվստահությունը և մասնավորապես հակաամերիկյան տրամադրությունները թուրքական հասարակության մեջ: Հայաստանի շահերի տեսանկյունից գլխավոր խնդիրն այս համատեքստում թերևս այն է, որ թե՛ Միացյալ Նահանգների և թե՛ Եվրամիության հետ Անկարայի հարաբերությունների վատթարացումը կարող է էլ ավելի անվերահսկելի ու անկանխատեսելի դարձնել Թուրքիայի ղեկավարությանը՝ տարածաշրջանային անվտանգության համար դրանից բխող բոլոր հետևանքներով: «Բնականաբար, թե՛ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցման գործընթացը, թե՛ արևմտյան դաշտում Թուրքիայի գործունեությունը որոշակիորեն զսպող մեխանիզմներ էին Թուրքիայի նկատմամբ: Թուրքիան շատ հարցերում ստիպված էր հաշվի նստել նաև այդ գործոնների, չափանիշների հետ: Հիմա թե՛ Եվրամիության մասով, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներում և թե՛ թուրքական հասարակությունների համատեքստում Թուրքիայի նկատմամբ լծակները, վերահսկողությունը, զսպման մեխանիզմները թուլացել են, և Թուրքիան փորձում է որքան հնարավոր է՝ ազատվել այդ զսպման մեխանիզմներից»,- մեկնաբանում է թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Անկարան արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը փորձում է հավասարակշռել նոր գործընկերների, «մարտավարական դաշնակիցների» հետ հարաբերությունների միջոցով: Այստեղ է, որ որպես այլընտրանք ի հայտ են գալիս Ռուսաստանը և Իրանը: Այս երեք երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը վերջին շրջանում կարողացել են էապես մոտեցնել իրենց շահերն ու մոտեցումները Մերձավոր Արևելքում՝ ձևավորելով եռակողմ դաշինք Սիրայի հարցի շուրջ: «Այս առումով Թուրքիայի տարածաշրջանային, անվտանգային քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ մեզ համար, որովհետև Թուրքիան դառնում է ավելի անկանխատեսելի, ավելի ինքնավստահ և համարձակ՝ փորձելով իր խնդիրները լուծել իրավիճակային դաշնակիցների հետ: Այն, ինչ Թուրքիան չի կարողանում իրականացնել Արևմուտքի, տվյալ պարագայում՝ Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անդամ կարևոր երկրների հետ հարաբերությունների շրջանակում, փորձում է դա փոխլրացնել այլընտրանքային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Արևմուտքից մեկուսացված Թուրքիան ավելի վտանգավոր և անկանխատեսելի է դառնում իր անվտանգային, տարածաշրջանային քաղաքականության մեջ, ուստի այստեղ որոշակի ռիսկեր, այո, կան»,- ավելացրեց Լևոն Հովսեփյանը: