Իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է «Երկիր Ծիրանի» անդամի նկատմամբ բռնությունը

Իրավապաշտպան ՀԿ-ն դատապարտում է «Երկիր Ծիրանի» անդամի նկատմամբ բռնությունը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երևանի է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը: Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կողմից բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ: «Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող և թաղամասում գարշահոտություն տարածող կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Հանրապետական խմբակցության ավագանու անդամների և «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջև հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ դուրս են հանել ընդդիմադիր խմբակցության անդամներին։ «Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը ։ Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։ Հիշեցնենք, որ ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաև լրագրողների աշխատանքի խոչընդոտում։ «Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ և թափանցիկ քննություն և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին: Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական և հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»: