Ընդդիմության էպոտաժն ու իշխանության «բիլակները»

Ընդդիմության էպոտաժն ու իշխանության «բիլակները»

Երևանի ավագանու նիստում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում Նուբարաշենի տարածքում: «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը ցանկացել է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ծեծկռտուքը: https://www.youtube.com/watch?v=T6d_LYC1UgQ Այս միջադեպը լավագույնս բացահայտում է մեր քաղաքական համակարգի, հարաբերությունների որակը: Մի կողմից՝ Նուբարաշենում իսկապես կա էկոլոգիական լուրջ խնդիր, որի մասին երեկ ահազանգել էին թաղամասի բնակիչները, և ընդդիմությունը պարտավոր էր օպերատիվ արձագանքել բնակիչների ահազանգին, մանավանդ, որ քաղաքային իշխանության անտարբերությունը տեսանելի է անգամ անզեն աչքով: Մյուս կողմից՝ «Երկիր Ծիրանին» այսօր, ըստ էության, ամեն ինչ վերածեց շոուի, սկանդալի, և հիմա բոլորը խոսում են ծեծկռտուքի, աղմկող կանանց ու «բիլակով» տղամարդկանց մասին՝ մոռացության մատնելով Նուբարաշենն ու նրա պրոբլեմը: Դա այն է, ինչին բախվել ենք տարիներ շարունակ. ընդդիմությունը չի ցանկանում կամ չի կարողանում խնդիրները ներկայացնել իրենց խորությամբ և առաջարկել լուծումներ, որոնք կարող են լինել թե՛ բովանդակային հարթության վրա և թե՛ հրաժարականների պահանջի մակարդակում: Մյուս կողմից՝ իրավիճակի առաջին պատասխանատուն իշխանություններն են, տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը: Անորակ, անարդյունավետ, շատ դեպքերում՝ կոռումպացված կառավարումը տասնամյակ շարունակ նման խնդիրներ է հարուցել ոչ միայն մայրաքաղաքի ծայրամասում, այլև նույնիսկ կենտրոնում: Տարիներով չլուծված խնդիրները չեն գտնում իրենց լուծումը՝ անպաշտպան և իրավազուրկ քաղաքացիների համար փակելով պետական բոլոր դռները, անմատչելի դարձնելով մեծ ու փոքր պաշտոնյաներին: Իշխանությունը տարբեր մակարդակներում փորձում է բռունցքներով փակել ընդդիմության բերանը՝ քողարկելով իր քաղաքականության անզորությունն ու ապաշնորհությունը: Եթե Արտաշես Գեղամյանն Ազգային ժողովում կարող է անպատիժ հարվածել Նիկոլ Փաշինյանին, ապա Երևանի ավագանիում հանրապետական տղամարդիկ կարող են հարձակվել ավագանու մի անպաշտպան կին անդամի վրա: Ընդդիմության էպոտաժն ու իշխանության «բիլակները» դարձել են մեր քաղաքական կյանքի ցուցիչը: Իրական ընդդիմությունը պետք է մտածի ոչ թե Տարոն Մարգարյանի կամ այլ պաշտոնյայի կյանքը՝ դժոխքի, այլ Երևանը դրախտի վերածելու մասին: Քաղաքային իշխանությունն այնպես պետք է կառավարի տնտեսությունը, որպեսզի դրա որակը, գնահատականը չնույնանան հոտած կոյուղաջրի հետ: Անկեղծ ասած, հոտած կոյուղաջրի է նմանվել մեր ամբողջ պետական, քաղաքական համակարգը՝ էկոլոգիական աղետ դառնալով երկրի համար: