Տրանսֆերային բում հայկական ֆուտբոլում. Չեմպիոնության հարցը վճռվա՞ծ է

Տրանսֆերային բում հայկական ֆուտբոլում. Չեմպիոնության հարցը վճռվա՞ծ է

Երկու շաբաթ անց կսկսվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Այս օրերին մեր առաջատար թիմերից «Բանանցը», «Շիրակը», «Գանձասար-Կապանն» ու «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք են անցկացնում Թուրքիայում և Կիպրոսում՝ փորձարկելով նոր ֆուտբոլիստների: Ձմեռային տրանսֆերային պատուհանը մեզ համար նշանավորվեց Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» նշանակալի համալրումներով: Վերջին օրերին այս ակումբը հանդես է գալիս նոր ֆուտբոլիստներով համալրվելու վերաբերյալ հայտարարություններով: Նշենք, որ «Ալաշկերտը» ձեռք է բերում հայկական ֆուտբոլի կտրվածքով բավական լուրջ կադրերի: Մեկ շաբաթ առաջ «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը: Վերջինիս նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր: Մանոյանը «Նեա Սալամինա» էր տեղափոխվել մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում անցկացրած 22 խաղերում դարձել էր 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Այնուհետև «Ալաշկերտը» երկարաժամկետ պայմանագիր կնքեց բրազիլացի 20-ամյա հենակետային կիսապաշտպան Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյոյի հետ, որը «Ալաշկերտի» գործընկեր-ակումբ «Ֆլումինենսեի» սանն է: Օդաիլսոն Սիլվան հանդես է եկել հանրահայտ «Գրեմիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև վարձավճարով խաղացել է «Դեսպորտիվո Բրազիլիա» և «Ֆերովիարիա» թիմերում: Վարձակալության հիմունքներով երևանյան թիմում հանդես կգան Եկատերինբուրգի «Ուրալի» և Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովը և Ալեքսանդր Շչերբակովը: 21-ամյա Սերչենկովը 12 հանդիպման է մասնակցել «Ուրալի» կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ գրավելով «Թերեքի» դարպասը: Մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձակալական հիմունքներով խաղացել է ՖՆԼ-ում հանդես եկող «Օրենբուրգի» կազմում՝ 12 հանդիպումներում դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 19-ամյա Շչերբակովն էլ 6 հանդիպում է անցկացրել «Ուրալի» գլխավոր թիմի կազմում Պրեմիեր լիգայում: Մրցաշրջանի առաջին հատվածում նա հանդես է եկել ռուսական ակումբի երկրորդ թիմում՝ 10 խաղ, 1 գոլ: Ալեքսանդր Շչերբակովը 3 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Մ-17 հավաքականի կազմում, հրավիրվել է Մ-19 հավաքական: Վերջին երեք օրվա ընթացքում «Ալաշկերտը» ունեցավ ևս մի քանի ուշագրավ համալրում: Մասնավորապես, պայմանագիր կնքվեց խորվաթ հարձակվող Մարկո Յորդանի և պաշտպան Դինո Շկվորցի հետ: Վերջինս կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում», այնուհետև հանդես է եկել Բելգիայի «Մեխելենում», Իսրայելի «Բեյթար» և «Հապոել» (Քֆար Սաբա) թիմերում, Կիպրոսի «Նեա Սալամինայում», Խորվաթիայի «Սպլիտում», «Վարաժդինում» և «Լոկոմոտիվում», Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆում», Ռումինիայի առաջատար ակումբներից մեկում՝ «Կլուժում»: Խորվաթ ֆուտբոլիստի նախորդ ակումբը Սլովենիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Անկարանն» էր: Դինո Շկվորցը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային պատանեկան և երիտասարդական հավաքականներում: Մարկո Յորդանը ևս կարիերան սկսել է հայրենիքում՝ հանդես գալով Խորվաթիայի Բարձրագույն խմբի «Շիբենիկ» և «Սպլիտ» ակումբներում: Բոսնիայի Բարձրագույն խմբի «Գաբելա» ակումբում կես տարի անցկացնելուց հետո Յորդանը տեղափոխվել է չեխական «Զլին», իսկ հետո վերադարձել է հայրենիք և մեկ մրցաշրջան անցկացրել խորվաթական «Իստրայում»: Նախորդ երկու մրցաշրջաններն արագավազ ֆուտբոլիստն անցկացրել է Չեխիայի Բարձրագույն խմբում՝ վերադառնալով «Զլին»: Մարկո Յորդանի նախորդ ակումբն էր Իտալիայի Սերիա Բ-ում այն ժամանակ հանդես եկող «Լատինան»: Նախօրեին «Ալաշկերտ» տեղափոխվեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը, որը Դավիթ Մանոյանի հետ հանդես էր գալիս կիպրական «Նեա Սալամինա» թիմում: Վերջինի կազմում Ոսկանյանն ընթացիկ մրցաշրջանում անց էր կացրել 10 հանդիպում: «Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից՝ «Կարմիոտիսայից», որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել: Տևական բանակցություններից հետո «Ալաշկերտը» երկարաձգեց պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Արտյոմ Սիմոնյանի հետ: Հիշեցնենք, որ «Ալաշկերտում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպան Գագիկ Դաղբաշյանը, կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը: Ուրախալի է, որ լեգեոներներից բացի՝ «Ալաշկերտը» համալրվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներով: Կարող ենք ասել, որ Հայաստանի բարձրագույն խմբում ունենք փոքրիկ ազգային հավաքական: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ «Ալաշկերտը» իր կազմով չունի հավասարը մեր երկրում: 15-րդ տուրից առաջ «Ալաշկերտը» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանին»: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» համալրումներից հետո այնպիսի տպավորություն է, որ չեմպիոնության հարցը ժամանակից շուտ լուծված է: Համենայնդեպս, այս պահին կազմով և ներուժով «Ալաշկերտին» լուրջ մրցակից չի նկատվում: Հ․Գ․ Երևանյան թիմն այսօր 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ: Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները: Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել: Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին: