Հայաստանում բացվել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը

Հայաստանում բացվել է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացել են «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ՝ ՀՊՄՀ Շախմատի հետազոտական կենտրոնի եւ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա։ Նրանք ծանոթացել են ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ: «Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովն ասել է․ «Ես արդեն երկրի նախագահին ասել եմ, գուցե դեռ բոլորը չեն գիտակցում, թե այսօր Երևանում բացված ինստիտուտը ինչ կարևոր նշանակություն ունի: Այս դարում այս հնագույն խաղի հարցում մենք կարծես ամեն ինչի հասել ենք, շատերն էլ արդեն հասկացել են դպրոցներում շախմատը որպես առարկա մտցնելու կարևորությունը: Այս գիտահետազոտական ինստիտուտը բացելով`մենք մեկ քայլ առաջ ենք անում դեպի ապագա, սա մեծ քայլ է կրթական, մանկավարժական մտքի զարգացման առումով»,-ասել է Կիրսան Իլյումժինովը: