Մանուկին սպանել է որդին, ձայնագրությունները կհրապարակեմ. Մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը դժգոհ է նախաքննությունից

«Նախաքննությունը ընթացել է պարզապես խայտառակ ձևով։ Իրար հերքող փաստեր կան գործի նյութերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, ով օրերս է ՌԴ-ից վերադարձել Հայաստան հենց եղբոր սպանության գործի հետ կապված։ Սիմոնյանը նշեց, որ ըստ գործի նյութերի՝ սպանությանը նախորդել է ամուսնու կողմից դաժան ծեծ, ամուսինը բռնել է կնոջ մազերից, պատեպատ է խփել։ «Բայց նման բան լինել չէր կարող, քանի որ կինը՝ Ռուզաննան, կեղծամ էր կրում։ Թունավոր զոբի պատճառով նա քիմիա էր ընդունել, որից մազերը թափվել էին։ Բացի այդ, Ռուզաննայի ոտքերի վրայի այտուցները ևս շատ հին ժամանակվա խնդիրներ են։ Ես բացառում եմ Մանուկի կողմից կնոջ նկատմամբ խոշտանգում կիրառելու մասին խոսակցությունները»,- ասաց Արամ Սիմոնյանը։ Մեր զրուցակիցը վստահաբար պնդում է, որ իր եղբորը սպանել է նրա որդին՝ Նորիկը, քանի որ հայրը չէր ընդունում որդու ընտրյալին և հայտարարել էր, որ այդ աղջիկը՝ Ալիսիկը, իր տուն կմտնի միայն իր դիակի վրայով։ «Ռուզաննան պետք է ազատ արձակվի, նա մեղավոր չի, նա սպանությունը կատարողը չի, նա միայն օժանդակել է»,- ասաց Սիմոնյանը։ Նա նաև նշեց, որ նախաքննության ամբողջ ընթացքում քննիչները ո՛չ իր հետ են կապվել, ո՛չ իր մյուս եղբոր հետ, որևէ անգամ իրենց չեն հարցաքննել, ինչը աբսուրդ է, քանի որ դեպքից հետո իրենք եղել են այդ տանը. Մանուկ Սիմոնյանի համակարգիչը իր մոտ է։ Արամ Սիմոնյանը նշեց, որ պատրաստվում է դատարանում հրապարակել այն աղմկոտ ձայնագրությունները, որոնց մասին խոսում էր դեպքից հետո։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: