Այսօր Մակրոնը խոսում էր, Երևանում կլինի լսողի դերում

Այսօր Մակրոնը խոսում էր, Երևանում կլինի լսողի դերում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ուշագրավ է, որ նույնիսկ հանդիպման մասին պատմող պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունը հուշում է, որ Փարիզի համար Երևանը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների մակարդակում, այլ նաև ինտեգրացիոն ավելի գլոբալ ծրագրերում: Սա սկզբունքային հանգամանք է, որը մի կողմից խոսում է Ֆրանսիայի աճող հետաքրքրությունների և հավակնությունների, եվրոպական ինտեգրացիային նոր որակ և աշխարհագրություն հաղորդելու Մակրոնի ծրագրերի, մյուս կողմից՝ Հայաստանի եվրոպական սուբյեկտությունն ամրապնդելու Փարիզի մտադրությունների մասին: Այսօրվա հանդիպման ժամանակ Մակրոնը նշել է, որ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Մակրոնը, ըստ ամենայնի, միանգամայն նոր, ոչ ստանդարտ պատկերացումներ ունի եվրաինտեգրման հարցում: Դեռևս նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս ակնարկել է այդ մասին՝ խոսելով բազմաշերտ և բազմահարթակ ինտեգրացիայի մասին: Երբ Մակրոնը խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունները Եվրամիության և Ֆրանկոֆոնիայի հարթություններում զարգացնելու անհրաժեշտության մասին, նա, ըստ էության, բացահայտում է իր պատկերացումը Հայաստանի նոր դերի, զարգացման հեռանկարի շուրջ: Մակրոնը, ըստ էության, հասկացնում է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք տեղավորվեն Հայաստանի եվրոպական քաղաքակրթական ընտրության դաշտում: Մակրոնը չի խոսել, անգամ չի ակնարկել Հայաստանի եվրասիական կարգավիճակի մասին, սակայն նրբանկատորեն ցույց է տվել Հայաստանի զարգացման այլընտրանքը՝ ԵՄ-ի և Ֆրանկոֆոնիայի ինտեգրացիոն ծրագրերում իր մասնակցությունը մեծացնելու միջոցով: Ֆրանսիայի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը, ըստ էության, շատ կոնկրետ առաջարկ է արել և հաստատապես հոկտեմբերին, երբ ժամանի Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ակնկալելու է Հայաստանի իշխանության պատասխանը: Այսօր խոսել է Մակրոնը, նա Երևանում ավելի շատ լսողի դերում է լինելու: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Մակրոնը ծրագրային առաջարկ է արել հենց Սարգսյանին, որն ընդամենը երկու ամսից հեռանալու է նախագահական պալատից: Ըստ ամենայնի, Մակրոնը տողատակով հասկացրել է, որ Ֆրանսիան ու Եվրամիությունը Հայաստանի էլիտայում հենց Սարգսյանին են համարում հուսալի գործընկեր, ինչն անուղղակի աջակցություն է Սերժ Սարգսյանի ծրագրերին՝ իշխանության տրանսֆորմացիայի համատեքստում: